04/05/2015 15:11
Քաղաքագետ. Արցախում ընտրություններն աննախադեպ էին
Արցախում ընտրություններն աննախադեպ էին, պատմության մեջ ամենակազմակերպվածն էին: Եվ այն, որ ընտրություններն անցել են բարեհաջող, այդ մասին են վկայում նաև ընդդիմադիր ուժերի հայտարարությունները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով երեկ Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, այս մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, ում խոսքով սակայն՝ ԼՂՀ-ում ներքաղաքական պատկերը շատ չի փոխվի։
Ամփոփելով արդյունքները՝ քաղաքագետը նշեց, որ առաջատար դիրքերում հայտնված «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ստացել է ձայների մեծամասնությունը, խորհրդարանում կզբաղեցնի 15 տեղ, որից 11-ը համամասնական, իսկ 4-ը՝ մեծամասնական համակարգով։
«Այս կուսակցությունը իշխող է, այն ղեկավարում է ԼՂՀ վարչապետը։ Երկրորդ տեղում է ՀՅԴ-ն՝ 7 մանդատով, որից 4-ը՝ համամասնական, իսկ 3-ը՝ մեծամասնական, իսկ «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», որը ղեկավարում է ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նույնպես ունի 7 մանդատ, որից 4-ը՝ համամասնական, 3-ը՝ մեծամասնական համակարգով»,- նշեց Ս. Մինասյանը։
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ը հայտարարությանը՝ նա համոզմունք հայտնեց, որ իր հայտարարությամբ այդ կառույցը, կարելի է ասել, որ այս անգամ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրությունները: «Այն նախադասությունը, թե «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սեփական ճակատագիրն ընտրելու իրավունք ունի», արդեն իսկ նշանակում է փաստացիորեն ճանաչել ընտրությունները»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը արդեն 6-րդ անգամ խորհրդարան է ձևավորում, մեծ նշանակություն ունի ինչպես ԼՂՀ արտաքին քաղաքականության դիրքորոշման, այնպես էլ՝ բանակցային գործընթացի համար։ Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, հատկանշականն այն է, որ վերջին մի քանի օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլ կառույցների, ինչպես նաև երրորդ երկրների կողմից մի քանի մեկնաբանություններ եղան։
«Պետք չէ մոռանալ, որ 1990-ականներից սկսած, երբ ձևավորվեց Մինսկի խումբը, ԼՂՀ բոլոր ընտրական գործընթացները քննադատության էին արժանանում, ինչը հակասում էր ընտրությունների ֆորմալ տրամաբանությանը: Մինչդեռ՝ Մինսկի խմբի մանդատը ենթադրում է, որ այն պարտավոր է համագործակցել նաև ԼՂՀ ընտրովի մարմինների հետ։ Հետևաբար, ինչպես ՄԽ-ն, այնպես էլ արտաքին խաղացողները, չեն կարող անտեսել ԼՂՀ ընտրությունները»,- նշեց քաղաքագետը՝ նկատելով, սակայն, որ մյուս կողմից էլ նշվում է, որ այդ ընտրությունները ոչ մի ազդեցություն չեն ունենա հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վրա։
«Տրամաբանական է, որ մենք նման հայտարարություններ ենք լսում միջազգային հանրության կողմից, քանի որ միջազգային հանրությունը հավանաբար ցանկանում է, որ կարգավորումը հիմնված լինի հայկական կողմի և Ադրբեջանի միջև ձեռք բերած ինչ-որ համատեղ համաձայնության վրա»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում մասնավորապես նշվում է, որ հակամարտության համապարփակ լուծման համատեքստում՝ ՄԽ ընդունում է ԼՂ ժողովրդի դերը՝ իր ապագան կերտելիս, սակայն չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող և ընդգծում է, որ դրանք ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ վերջնական կարգավիճակը կամ բանակցությունների արդյունքը, որոնք ընթանում են հակամարտության տևական և խաղաղ կարգավորման հասնելու համար: