05/05/2015 16:53
Արմեն Թադևոսյան. Կապ չունի` որտեղ կապրեմ, Երևանն իմն է, իսկ ես` նրանը
Aysor.am-ի այսօրվա հյուրը մասնագիտությամբ պատմաբան և անգլերենի մասնագետ, սցենարիստ, հումորիստ Արմեն Թադևոսյանն է, ով վերջին երեք տարիների էկրնների մոտ է պահում «COMMENTS»-ի սիրահարներին: Որո՞նք են մերօրյա հեռուստադիտողի հումորային պահանջերը, ո՞ր բնագավառն է մատակարարում հումորային արտադրանքը և որքանո՞վ է այս դաշտում գործում «ծանոթ-բարեկամ»-ը:
-Այժմ, բացի Ձեր հեղինակային «COMMENTS» հաղորդաշարից, ի՞նչ այլ զբաղվածություն ունեք:
-Զբաղվածությունս շատ մեծ է։ Բացի «COMMENTS» հաղորդաշարից, որը խլում է իմ ժամանակի զգալի մասը, անմիջական կապ ունեմ երկու ռադիոկայանների հետ: Նաև, գրում եմ սցենարներ Հայաստանում և Հայաստանից դուրս նկարահանվող տարբեր նախագծերի, ֆիլմերի համար: Վարում եմ տարբեր միջոցառումներ, կորպորատիվ երեկոներ, համերգներ:
-Արդեն բավական ժամանակ է, «COMMENTS»-ը էկրաններին է. չկա՞ մտավախություն, որ կարող է սպառել իրեն:
-Մարտի 12-ին մենք դարձանք 3 տարեկան: Բայց ասեմ, որ յուրաքանչյուր եթերաշրջնում հաղորդման մեջ կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, ավելացել են նոր էջեր, իսկ սպառված խորագրերը դուրս են մնացել։ Նաև, այսօր մենք բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր ենք ստանում մեր հեռուստադիտողների կողմից: Նրանք նոր լիցք են հաղորդում: Լսելով նրանց կարծիքները և բարեմաղթանքները` մտածում ես` ոնց կարող ես այս պահին թողնել այս ամենը։ Կարելի է ասել` որոշակի պատասխանատվություն ես զգում նրանց հանդեպ, հաճելի պատասխանատվություն: Հասկանում ես, որ մարդիկ սպասում են և դու պետք է շարունակես։ Բայց, բնականաբար, ոչինչ անմահ չէ։ Մի օր «COMMENTS»-ն իր տեղը կզիջի նոր նախագծի: Ուրախ եմ, որ գտնվում եմ մի միջավայրում, որտեղ աշխատում են պրոֆեսիոնալներ, որոնց հետ, իրոք, հաճելի է ստեղծել նոր բաներ:
-Իսկ ինչպիսի՞ն կլինի Ձեր հաջորդ հեռուստատեսային արտադրանքը:
-Այդ ուղղությամբ դեռ չեմ մտածել, բայց, կարծում եմ` զվարճալի-հումորային կլինի (ժպտում է):
-Արմեն, եթե չեմ սխալվում, մասնագիտությամբ պատմաբան և անգլերեն լեզվի մասնագետ եք, ինչո՞ւ գործունեության բոլորովին այլ ուղղություն ընտրեցիք:
-Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ուսանողական տարիներին սկսեցի խաղալ ՈՒՀԱ-ի թիմում, և կյանքն աստիճանաբար ինձ այլ ուղու մեջ գցեց։ Սակայն, դժգոհ չեմ, քանի որ մանկուց սիրել եմ այս ամենը, սա ինձ հոգեհարազատ է։ Գուցեև վատ պատմաբան չլինեի, կամ` անգլերեն լեզվի մասնագետ, սակայն հոգեհարազատն ինձ սա է։
-Իսկ երբևէ աշխատե՞լ եք Ձեր դիպլոմային մասնագիտություններով:
-Այո, ստացվեց էնպես, որ որոշ ժամանակ աշխատեցի իմ մասնագիտությամբ: Պատկերացրեք, որ մեծ բավականություն ստացա այդ ժամանակից։ Դա էլ ինձ համար դարձավ թե մասնագիտական, թե կյանքի փորձ:
-Պատմագիտությունն ու անգլերեն լեզվի իմացությունը որքանո՞վ են Ձեզ օգնում սցենար գրելիս, նյութ գտնելու հարցում:
-Առաջնահերթ, մարդը որքան շատ գիտելիք ունի, այնքան ավելի հարուստ է։ Ոչ միայն պատմագիտությունը, անգլերենը, այլ ցանկացած գիտելիք օգնում է։ Ընդհանրապես, մարդը պետք է շատ կարդացած լինի, շատ ինֆորմացված։ Ես հիշում եմ, երբ փոքր էի, մեր տան մի ամբողջ սենյակ միայն գրքեր էին՝ համաշխարհային գրականության գրադարան էր։
-Այդ գրադարանի ակտիվ օգտվողների՞ց էիք:
-Հավատացեք, հատ առ հատ կարդացել եմ բոլոր գրքերը։ Շատ-շատ էի սիրոմ գիրք կարդալ։
-Իսկ հիմա՞:
-Կարդում եմ, իհարկե, պարզապես ժամանակի, հասցնելու խնդիր ունեմ:
-Արմեն, ո՞ր բնագավառն է այսօր հումորային սցենարիստներին առավել շատ թեմա մատակարարում:
-Ցանկացած բնագավառ իրենով շատ հետաքրիր է։ Կարևորը մատուցման ձևն է: Քիչ նշանակություն չունի մատուցման նաև արդիական լինելը։ Այսինքն, մի իրադարձություն է տեղի ունենում և արագ արձագանքում ես հումորով։ Դա արդեն որոշակի առումով ունի հաջողություն։
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում այսօրվա հայկական հումորային շուկան:
-Հաշվի առնելով, որ ինքս գտնվում եմ հումորային շուկայում, կարծում եմ, որ գնահատական պետք է տան մեր հեռուստադիտողները։ Գիտեք, ցանկացած ժամանակաշրջանի հումոր ունի իր յուրահատկությունները։ Իհարկե, կան նաև անմահ, չծերացող հումորներ: Կարծում եմ, առաջներում ավելի շատ գերադասում էին տեքստային հումորներ, հիմա ավելի շատ խաղարկային, դրվագային։
-Ո՞ւմ եք առավել գնահատում մեր հումորային դաշտում՝ և ժամանակակիցների, և նախորդ սերունդների մեջ:
-Գնահատում եմ բոլորին. նրանց, ովքեր փորձել են մի բան անել, նրանց, ում մոտ դա ստացվել է և չի ստացվել։ Գնահատում եմ, որովհետև բոլորն էլ ինչ-որ բան փորձել են անել ու արել են։ Իսկ դա ամենակարևորն է։
-Այսօրվա՞, թե՞ 90-ականների հեռուստադիտողն է առավել պահանջկոտ: Ո՞ւմ է ավելի դժվար ծիծաղեցնելը: Արդյո՞ք հանդիսատեսի մեջ որակական փոփոխություն զգում եք:
-Բոլոր ժամանակներում էլ հեռուստադիտողը պահանջկոտ է: Մարդը, երբ միացնում է հեռուստացույց, ցանկանում է դիտել այն, ինչը նրան դուր է գալիս։ Այդ իսկ առումով ոչ մի տարբերություն չկա պահանջների վերաբերյալ։ Ինչը կապված է որակական փոփոխության հետ, ապա ասեմ, որ կա ոչ թե որակական փոփոխություն, այլ ճաշակի։
-ՈՒՀԱ-ի Ձեր ընկերնեից շատերն իրենց ճանապարհը գտան պրոդյուսերության, Հայաստանից դուրս առավել եկամտաբեր գործունեության մեջ: Վստահ եմ, որ հնարավորությունների պակաս չեք ունեցել: Ինչպե՞ս է, որ մինչև հիմա «լուրջ բիզնեսին» ուշադրություն չեք դարձրել:
-Նախ, ես անչափ ուրախանում և հպարտանում եմ ՈՒՀԱ-ի իմ բոլոր ընկերներով։ Ապրելով դժվար պայմաններում և խաղալով КВН` կարողացել ենք ստեղծել մի բան, որը ունեցել է շարունակություն, որի արդյունքը տեսնում ենք այսօր։ Ինչ կապված է լուրջ բիզնեսի հետ, ապա ասեմ, որ «անլուրջ բիզնեսն» ինձ ավելի հոգեհարազատ է (ժպտում է)։
-Կարոտո՞ւմ եք 90-ականները:
-Երբեմն այո, շատ եմ կարոտում։ Բայց, եթե լինեմ անկեղծ, ավելի շատ կարոտում եմ 80-ականները։
-Ինչո՞ւ: Ձեր պատանեկության ամենավառ շրջա՞նն էր:
-Ուղղակի մի տեսակ բարություն է մնացել, մի տեսակ կարոտ ունեմ։
-Արմեն, էկրանից այն կողմ թվում եք անհոգ և ներողամիտ, շփվող և բարիացակամ, նաև՝ անմիջական: Տեսողական խաբկա՞նք է: Ի դեպ, ունե՞ք վատ գծեր:
-Գիտեք, մեզանից յուրաքանչյուրն ունի և՛ վատ, և՛ լավ գծեր։ Չգիտեմ, որքանով է լավ կամ վատ, բայց երբեմն շատ բծախնդիր եմ լինում։
-Ծնունդով Երևանի՞ց եք:
-Այո, ծնվել եմ Երևանում։ Շատ եմ սիրում իմ քաղաքը, շա~տ։
-Տարիների ընթացքում Երևանը շատ է փոխվել: Բոլոր ժամանակների Երևաննե՞րն եք սիրում:
-Այո, Սիրում եմ հին Երևանը, սիրում եմ ներկա Երևանը, կսիրեմ ապագա Երևանը։ Եվ կապ չունի` որտեղ կապրեմ, Երևանն իմն է, իսկ ես` նրանը։
-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
-Ընտանիքս բաղկացած է չորս հոգուց՝ կինս, ես, երկու երեխաներս։ Տղաս` Դավիթը, 15 տարեկան է։ Աղջիկս` Էլենը, 10 տարեկան։ Շատ եմ սիրում իմ ընտանիքը, շատ մեծ դեր ունի այն իմ կյանքում։
-Ի դեպ, այն քիչ հայտնիներից եք, ում զավակները, կարծեք թե, «ծանոթի» միջոցով չեն հայտնվում էկրաններին: Սկզբո՞ւնք է:
-Ճիշտն ասած` ըստ իս, այս բնագավառում ծանոթով հարցեր չեն լուծվում։ Ասեմ ավելին՝ իմ շրջապատում նման բան չկա։
-Ինչո՞ւ, արդարամի՞տ եք:
-Համարենք, ինչպեք Դուք ասում եք, հայտնի մարդու զավակը «ծանոթի» միջոցով հայտնվեց էկրանին։ Բա հետո՞։ Հեռուստադիտողնե՞րն էլ պետք է ծանոթի միջոցով սիրեն իրեն։ Իհարկե ոչ, չկա նման բան։ Ժողովրդկական լեզվով ասած` «Եթե մարդու մեջը չկա, ոչ մի ծանոթ չի օգնում»։ Դու չես կարող խաբել հեռուստադիտողին, հանդիսատեսին։
-Բայց հաճխ ենք հադիպում հայտնի մարկանց զավակներին էկրաններին:
-Դա այլ կերպ կմեկնաբանեմ. հաճախակի հայտնի մարդկանց երեխաներն ունենում են ձգտում դեպի այն ասպարեզ, որտեղ իրենց ծնողներն են։ Եթե, իսկապես, կա ձգտում և ունակություն երախայի մեջ, ապա այո, պետք է աջակցել։ Մնացածը ժամանակը ցույց կտա:
-Արմեն, վստահ եմ՝ այս հարցին շատ եք պատասխանել, բայց, ամեն դեպքում, չիմացողներ դեռ կան. որտեղի՞ց է գալիս Ձեր «ԹԱԹ» կեղծանունը:
-Իմ ազգանունից (ժպտում է): Դեռ դպրոցական տարիներից ինձ ազգանվանս կարճ տարբերակով էին դիմում, ու այդպես էլ «գնաց». ռուսերեն ասած` «и пошло-поехало»: