05/05/2015 15:26
Բյուջեի մուտքերն ավելացել են
Չնայած միջազգային կառույցների բացասական սպասումներին, այնուհանդերձ, պետական բյուջեի մուտքերը տարեսկզբին ավելացել են։ Աճ գերազանցել է նույնիսկ տնտեսական ակտիվության մակարդակը։ Առաջին եռամսյակի տվյալներով, պետական ֆինանսական միջոցները 3 տոկոսով ավելի են եղել նախորդ տարվա ցուցանիշից։
Հիշեցնենք, որ նույն ժամանակահատվածում տնտեսական ակտիվությունը Հայաստանում կազմեց 2,5 տոկոս։ Տարեսկզբի երեք ամիսներին պետական բյուջե է մուտք եղել 247,1 մլրդ դրամ, ինչը 7,2 միլիարդով գերազանցել է 2014թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Մուտքերի աճն ավելի բարձր է եղել ներքին հարկային եկամուտների և տուրքերի դեպքում։ Նախորդ տարվա համեմատ դրանք ավելացել են 3,8 տոկոսով։ Ընդհանուր առմամբ ապահովվել է գրեթե 232,5 մլրդ դրամ՝ 2014թ. 223,9 միլիարդի դիմաց։ Այլ կերպ ասած, հարկային եկամուտներն ու պետտուրքերն ավելացել են 8,6 մլրդ դրամով։
Մուտքերի բարձր աճ է գրանցվել հատկապես մաքսատուրքերի գծով։ Դրա հաշվին բյուջեի եկամուտների համալրումը նախորդ տարվա նկատմամբ ավելին է եղել 45,6 տոկոսով։ Ստացվել է գրեթե 14,6 մլրդ դրամի մաքսատուրք։ Կատորողականը նախորդ տարվանից բավականաչափ բարձր է նաև ակցիզային հարկի դեպքում։ Մուտքերի աճը գերազանցել է 17 տոկոսը։
Նվազել են շահութահարկի եկամուտները, պետական տուրքերը։ 28 տոկոսով կրճատվել է նաև շրջանառության հարկը։ Մի բան, ինչը պայմանավորված է առաջին հերթին հարկման բեռի թեթևացմամբ։ Ինչպես հայտնի է, անցած տարվա սկզբին շրջանառության հարկի դրույքաչափը 3,5 տոկոս էր, այժմ՝ 1 տոկոս։
Շրջանառության հարկի մուտքերի կրճատման վրա, ըստ էության, բացասաբար է ազդել նաև առևտրի ծավալների նվազումը։ Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակի տվյալներով, անկումը գերազանցում է 6 տոկոսը։
Եռամսյակի արդյունքներով վերականգնվել են բյուջետային մուտքերը ավելացված արժեքի հարկի գծով։ Այն նույնիսկ մի փոքր գերազանցել է նախորդ տարվա մակարդակը։ 2014թ. առաջին եռամսյակի 96,2 մլրդ դրամի դիմաց ԱԱՀ մուտքերը կազմել են շուրջ 96,8 միլիարդ։
Բյուջեի եկամուտների վրա բացասական ազդեցություն են ունեցել նաև, այսպես կոչված, այլ աղբյուրներից ստացված մուտքերը։ Թեև իրավիճակը աստիճանաբար կարծես կարգավորում է։
Եթե տարեսկզբի երկու ամիսներին բյուջեի այլ երկամուտները նախորդ տարվա համեմատ կրճատվել էին կիսով չափ, ապա արդեն եռամսյակի տվյալներով, բացասական տարբերությունը կազմել է 10 տոկոս։ Նախորդ տարվա 16 մլրդ դրամի փոխարեն այդ գծով պետական բյուջե է մուտքագրվել գրեթե 14,5 մլրդ դրամ։