05/05/2015 19:01
Բագրատյանն իր խոսքերը հետ է վերցնում, քյաբաբչիների պես արևածաղիկ եք չրթում
Այսօր «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ հետ է վերցնում ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանին ուղղված իր նախկին գովքը, որովհետև նա այլևս չի կարողանում մասնագիտական տեսնկյունից նման օրինագիծ պաշտպանել:
«Պարոն Միրումյան, ես մի անգամ ձեզ գովացել եմ, հետ եմ վերցնում իմ խոսքերը, որովհետև մասնագետը չի կարող այս օրենքը պաշտպանի: Տնտեսագիտությունն ասում է՝ ուղղակի հարկերի դիֆերենցիացիան ցանկալի չէ: Դուք չեք կարող ուղղակի հարկը դիֆերենցել, չեք կարող, որովհետև առաջին հերթին Սահմանադրություն կա, որով բոլոր քաղաքացիները հավասար են, անկախ նրանից՝ որտեղ է նրա աշխատանքը կիրառվում: Անպայման էս օրենքը կտանք Սահմանադրական դատարան»,- հայտարարեց Բագրատյանը:
Իր խոսքում նա ևս մեկ անգամ շեշտեց, որ նախագիծը հակասում է տնտեսագիտությանը: «Ո՞վ ասաց, որ շինարարի աշխատավարձն ավելի քիչ պիտի հարկվի մետալուրգի, ինժեների կամ գիտնականի աշխատանքից: Եթե դուք շինարարի հարկը դրել եք 13 տոկոս, գիտնականինը՝ 25, գիտնականն է վճարում դրա հարկը, դա կոչվում է ասիմետրիկ խաչաձև սուբսիդիա: Ես ինչո՞ւ պիտի որպես պատգամավոր վճարեմ այն շինարարին, որը գնալու է մի հատ օլիգարխի համար աշխատի: Եվ դուք դա համարում եք պետությո՞ւն: Այս նախագիծն ասում է՝ եթե Պողոսը աշխատի Ռուսաստանում, կվճարի 13 տոկոս հարկ, եթե աշխատի Հայաստանում՝ 24 տոկոս: Ինչո՞ւ: Մնում է դրանից հետո, որ բոլոր Պողոսները հնարավորություն ման գան, թե ինչպես անեն, որ աշխատեն Ռուսաստանում: Այսինքն՝ դուք ստեղծում եք մի օրիգինալ պետություն, այս պետության քաղաքացիները հետայսու ՀՆԱ պետք է արտադրեն Հայաստանի տարածքից դուրս: Երբևիցե մի տեղ հավաքվե՞լ եք, ձեր նախագահի հետ նստե՞լ եք՝ տեսնեք՝ էս ի՞նչ եք անում: Սա արդեն չորրորդ-հինգերորդ դեպքն ա, ամբողջ հարկային դաշտը դուք եք էրոզիայի ենթարկում, ի՞նչ իրավունք ունեք: Եղբայր, ըտենց չի է, որ՝ փող չկար, փող ենք բերում, վա՞տ ենք անում: Վատ եք անում, որովհետև դա խաչաձև ասիմետրիկ սուբսիդիա է»,- մանրամասնեց նա:
Բերելով օրինակներ, Բագրատյանը հստակեցրեց, որ այդ կերպ պետություն չեն կառավարում, այլ հակառակը՝ պետությունը կառուցում են ֆունդամենտալ: «Հիմա դուք ոնց որ գաք, էն քյաբաբչիների պես, էն որ արևածաղիկ են չրթում, ասում եք՝ քանի որ օրենքը չեն բերել, գնանք էսի փախցնենք բերենք: Էդպես պետություն չեն կառավարում, պետությունը կառավարում են ֆունդամենտալ օրենքներով: Էսպիսի օրենք չի կարող լինել ընդհանրապես, որևէ տրամաբանական բացատրություն ես էստեղ չտեսա»,- հավելեց նա:
Նրա խոսքով՝ դրսում աշխատող հատկապես հայ օլիգարխները սկսում են հոգնեցնել, նրանք ծանր բեռ են դառնում այս երկրի զարգացման համար: Նա ընդգծեց նաև՝ Երբ օլիգարխը գալիս ու Հայաստանում մի Մոլ է կառուցում, ամեն Մոլի դիմաց 1500 փոքր խանութ է փակվում, իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ եթե ինքը 300 մլն ծախսեց Մոլի համար, իրականում 400 մլն ստացավ էն փոքրերից: «Մինչև հիմա կառավարությունը մի հատ որոշում չընդունեց, չասեց՝ Երևանում մի հատ կա, երկու հատ Մոլ պետք ա լինի, դրանք էլ պետք ա լինեն Սովետաշենում: Ձեզ ո՞վ ա իրավունք տվել քանդել մարդկանց տները, փողը ձեռներից առնել: Մենք ունենք 6500 եկեղեցի 9 մլն հայության համար, 1450 մարդուն մի եկեղեցի, ավելի բարձր խտություն միայն հույներն ունեն: Իհարկե, եկեղեցիները պետք են, բայց չափ կա դրանց: Էդ եկեղեցիները, որ կառուցում եք, տարեկան 1.5-2 տոկոս ամորտիզացիան հաշվեք, 500 տարի հետո ո՞վ ա պահելու: 6500 եկեղեցու վրա ծախսվել է 30 մլրդ դոլար, դրա տարեկան ամորտիզացիան կազմում է 400 մլն դոլար: Բա երկրում չկանգնի կաթողիկոսը, ասեն՝ էս ի՞նչ եք անում: Բա մի հատ գրադարան չկառուցվի, որտեղ տնտեսագիտական գրքեր լինեն, որտեղ գնանք ու կարդանք՝ ինչ է հարկային օրենսդրությունը, որ նման խայտառակ օրենքներ չբերենք»,- նեղսրտեղ Բագրատյանը:
Նրա այս քննադատական ելույթից հետո ԱԺ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ սկսեցին տեղից արձագանքել: Կողմերին հանդարտվելու կոչեր արեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Մենք անպայման գրադարան կկառուցենք, որ գիրք կարդաք»,- նշեց Նաղդալյանը: