05/05/2015 14:45
Ունիսոն ՀԿ տնօրեն. Վարորդները անտեսում են սայլակով անձանց համար նախատեսված վայրերի նշանները
Հաշմանդամություն ունեցող անձինք այսօր Երևանում հաշմանդամների ազատ տեղաշարժի իրավունքի իրազեկման ֆլեշմոբ անցկացրեցին: Ֆլեշմոբը մեկնարկեց Շառլ Ազնավուրի հրապարակում, որից հետո մասնակիցները շարժվեցին դեպի հարակից փողոցների կայանատեղիներ և թռուցիկներ փակցրեցին սայլակով անձանց համար նախատեսված կայանատեղիներն զբաղեցրած մեքենաների վրա` վարորդներին հորդորելով հարգել հաշմանդամություն ունեցողների ազատ տեղաշարժման իրավունքը:
Ֆլեշմոբի նախաձեռնող «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացվեցին կայանատեղիներ, որոնց մոտ նշանով հստակ ցույց է տրված, որ դա սայլակով անձանց մեքենաների համար է, սակայն վարորդները անտեսում են դա ու շարունակում զբաղեցնել այդ տեղերը:
Նշենք, որ մայիսի 5-ը նշվում է որպես հաշմանդամների անկախ կյանքի օր: