05/05/2015 17:25
Դժվար չէ Ադրբեջանից լավ ընտրություններ անցկացնել, քանի որ Ադրբեջանում առանձնապես ընտրություններ չկան․ Ա․ Իսկանդարյան
«Դիտորդներն, իհարկե, իրենց պետությունների ներկայացուցիչները չեն, դրանք ոչ պետական ներկայացուցիչներ են, բայց նրանք ընտրությունների դիտորդներ են»,- այսօր լրագրողների հետ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ընտրությունների թեմայով հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն քաղաագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ Իսկանդարյանի՝ ընտրությունները անցել են բավական լավ, լավ մասնակցություն կար և Լեռնային Ղարաբաղում լուրջ են վերաբերում ընտրություններին: Խորհրդարան են անցել Ղարաբաղի ազդեցիկ քաղաքական ուժերը, խորհրդարան անցած ուժերից երկուսը բավական ընդդիմադիր հայացքներ ունեն: Քաղաքագետի կարծիքով, ընտրությունները բավական լավ են անցել նաև այն առումով, որ արդյունքները նախօրոք դժվար էր կանխատեսել:
«Ինձ՝ որպես քաղաքագետի, ավելի քիչ հետաքրքրում է արտասհամանցի դիտորդների կարծիքը, ավելի շատ հետարքրքում է թե իշխանությունների ռոտացիան ինչպես է ընկալվում հասարակության և քաղաքական էլիտաների շրջանում, կարծես թե, չկան առանձնապես մեծ դժգոհություններ»,- նշեց Իսկանդարյանը:
Քաղաքագետի դիտարկմամբ դիտորդների կարծիքները ցույց են տալիս, որ ընտրություններն անցել են «բավական պարկեշտ»: Խոսքը ոչ միայն արտասահմանցի, այլև տեղացի դիտորդների մասին է: Իսկանդարյանը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում կա դինամիկա, ձևավորվում է ընտրությունների քաղաքական մշակույթ. «Ընտրությունները նախ և առաջ հենց Լեռնային Ղարաբաղի համար են: Որպեսզի Ղարաբաղն ունենա նորմալ կառավարում պետք են նորմալ ընտրություններ»:
Բանախոսի կարծիքով, այս ընտրությունները պետք են ոչ թե նրա համար, որ դուր գան ուրիշներին, այլ առաջին հերթին հենց Արցախի համար: Իսկանդարյանի կարծիքով, այդպես է նաև Հայաստանի դեպքում, ընտրությունները ուրիշների համար չեն, եթե ընտրությունները կազմակերպվում են վատ, վատ է մեզ համար, եթե կազմակերպվում են լավ, ուրեմն լավ է մեզ համար:
Իսկանդարյանը նշեց նաև, որ պետք չէ համեմատվել Ադրբեջանի հետ ու նշել, թե Արցախում ընտրություններն ավելի լավ են անցել: Ըստ քաղաքագետի՝ այդքան էլ դժվար չէ Ադրբեջանից լավ ընտրություններ անցկացնել, քանի որ Ադրբեջանում առանձապես ընտրություններ չեն անցկացվում:
Իսկանդարյանը հավելեց, որ չնայած տարբեր պետությունների գնահատականներին ՝ «այսպես կոչված ընտրություններ», «չճանաչված պետություն» , ամեն դեպքում, երբ այդ պետությունների ներկայացուցիչները կամ նույն ԵԱՀԿ Մինսկի ներկայացուցիչները գալիս են Արցախ, ու՞մ հետ են նրանք հանդիպում, իհարկե՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանությունների:
Քաղաքագետը համոզված է, որ աշխարհի գնահատականներում առնանձապես բան չի փոխվել, միայն այն, որ հաճախ նշվում էր, որ Լեռնային Ղարաբաղը սեփական քաղաքական ապագան որոշելու գործում դեր պետք է խաղա․ և այս ձևակերպումը որոշակի ցուցանիշ է: