05/05/2015 20:08
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խնդրում է փոխել Գոհար Ենոքյանի խափանման միջոցը
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անունից հայտարարություն է տարածվել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով.
«Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը խորապես անհանգստացած է տիկին Գոհար Ենոքյանի ձերբակալության փաստով:
Չփորձելով մտնել իրավապահ մարմինների իրավասության դաշտ՝ այնուամենայնիվ խնդրում ենք պատկան մարմիններին հաշվի առնել տիկին Ենոքյանի մեծ վաստակը երկրի թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական կյանքում, նրա տարիքն ու առողջական վիճակը և փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը:
Հույս ենք հայտնում, որ հետագա քննությունը կանցնի առավելագույն օբյեկտիվության պայմաններում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը միաժամանակ հայտնում է, որ հետևողական կլինի գործի հետագա ընթացքի նկատմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ: