05/05/2015 18:11
Շարմազանով. Բաքուն այժմ շահագրգռված չէ խախտել հրադադարի ռեժիմը
«Այդ արձագանքը անշուշտ առաջընթաց էր և այս իմաստով ես համամիտ եմ Դավիթ Բաբայանի հետ: Եվ սա message էր բոլոր կողմերին ու նախևառաջ Ադրբեջանին»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կիրակի կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային հանրության արձագանքին ու մասնավորապես այն հանգամանքին, որ այս անգամ էական շեշտադրման փոփոխություն նկատվեց, քանի որ թե ԱՄՆ պետքարտուղարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչեցին ղարաբաղցի ժողովրդի ՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Է.Շարմազանովը նաև նշեց, որ սա ուղերձ էր բոլոր այն պետություններին, որոնք անպոչ գդալի նման մեջ են ընկնում Ղարաբաղյան բանակցային գործընթացի հետ՝ մոռանալով, որ կա Մինսկի խումբ, կա համանախագահության ձևաչափ ու կան սկզբունքներ և երեք այդ սկզբունքներից մեկը հենց ինքնորոշման իրավունքն է.
«Եվ Արցախի ժողովուրդը երկու օր առաջ ևս մեկ անգամ իրացրեց իր ինքնորոշման իրավունքը, ինչն արձանագրեց թե Մինսկի խումբը, թե ԱՄՆ պետքարտուղարությունը: Շնորհակալություն այս դեպքում մասնակի օբյեկտիվության համար»,- ասաց նա ու ավելացրեց, որ ամբողջական օբյեկտիվությունը կլինի, երբ բանակցային գործընթացի արդյունքում Լեռնային Ղարաբաղը նախ դառնա բանակցային գործընթացի լիարժեք կողմ, վերադառնա բանակցային սեղանին և Լեռնային Ղարաբաղը դառնա միջազգային հանրության և իրավունքի սուբյեկտ:
Է. Շարմազանովը հիշեցրեց, որ տարիներ շարունակ հայաստանյան կողմը մշտապես խոսել է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցությանն ու վերադարձի մասին և պետք է բոլորը գիտակցեն, որ այլ ճանապարհ չկա: Բայց առաջընթաց կլինի, թե ոչ՝ մի շարք հանգամանքներով է պայմանավորված.
«Բաքուն ինքն էլ այժմ շահագրգռված չէ խախտել հրադադարի ռեժիմը, որովհետև առաջիկայում Եվրոպական խաղերն են և ադրբեջանական կողմը մեծ գումարներ է դրել, որպեսզի աշխարհին երևա ոչ թե որպես սուլթանատ կամ ֆեոդալական երկիր, այլ գեղեցիկ փաթեթավորած: Եվ բնական է, որ այս պահին շահագրգռված չեն որևէ դեստաբիլիզացիոն գործողության մեջ: Եվ պետք է սա ոչ թե որպես բարի կամք դիտարկել, թե Արցախի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ադրբեջանը դիվերսիաներ չկազմակերպեց և այլն՝ ոչ, Բաքուն չի փոխվել:
Պարզապես իրենց շահերից ելնելով են լռել, աշխարհի ուշադրությունը սևեռված է լինելու Ադրբեջանի կողմ՝ Եվրոպական խաղերի պատճառով: Այնպես որ այդ իմաստով պետք չէ շատ ուրախանալ, թե Բաքուն դարձել է կառուցողական երկիր»,- նշեց ԱԺ փոխնախագահը՝ նկատելով, միաժամանակ, որ ամեն դեպքում դիվերսիաների բացակայությունը կամ նման լարվածության նվազումը բնականաբար բխում է բոլորիս շահերից: