05/05/2015 14:20
Շ. Դոյդոյան. Լրագրողների նկատմամբ բռնությունների աճ կամ նվազում չկա
Լրագրողների նկատմամբ բռնությունների աճ կամ նվազում չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր-նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով «Freedom House» կազմակերպության 2014 թ. մամուլի ազատության վերաբերյալ զեկույցին:
Նրա խոսքով՝ Հայաստանն այդ զեկույցում գտնվել է անազատների շարքում, ինչի պատճառը մամուլի ազատությունը խոչընդոտելու բացասական դեպքերն էին:
«2014 թ. մամուլի ազատության խոչընդոտների բացասական դեպքեր գրանցվեցին, ինչպիսին օրինակ ՀՀ դատախազության որոշումն էր, որի համաձայն` լրագրողները պարտավոր էին իրենց աղբյուրները բացահայտել: Այդ քայլերը պատճառ են դառնում միջազգային կառույցների նման բացասական կարծիքի»,- ասաց Շ. Դոյդոյանը:
Շ. Դոյդոյանի խոսքով՝ միևնույն ժամանակ որևէ քայլ կամ առաջընթաց բռնությունները իրավական դաշտ բերելու և պատասխանատվության ենթարկելու առումով չի կատարվել:
Ասուլիսի մյուս բանախոս «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ խոսքի ազատության առումով մոնոտոն իրավիճակ է, կարծես, հարմարվել ենք հեռուստաընկերությունների՝ ուղղակիորեն վերահսկվող քաղաքականությանը:
«Ի տարբերություն հեռուստաընկերությունների` ազատ խոսքն արտահայտող կայքերի նկատմամբ նույնպես վերջին շրջանում վերահսկողության փորձ է արվում»,-ասաց նա:
Ս. Դեհերյանի կարծիքով՝ լրագրողների նկատմամբ բռնությունների լուծումը պետք է լինի հասարակության աղմուկը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ասաց, որ թեև մենք ունենք ազատ ԶԼՄ-ներ, սակայն Հայաստանում լրատվամիջոցների մեծ մասը մնում են անազատ: