05/05/2015 11:05
Հ. Ավագյան. Առկա է կառավարություն-ՓՄՁ երկխոսություն, բայց մաքսային սահմանի խնդիրը կրկին մնում է անլուծելի
ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և ՓՄՁ ներկայացուցիչների բարձրացրած հերթական աղմուկից հետո ՀՀ կառավարությունն անցած նիստում հավանություն տվեց «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին:
Հիշեցնենք, գործող օրենքով ապրիլի 30 –ը վերջնաժամկետն էր այն խումբ ապրանքատեսակների իրացման համար, որոնց մնացորդը մանրածախ և մեծածախ առևտրի կետերում անկախ պիտանելիության ժամկետից պետք է, մեղմ ասած, թափվեր աղբարկղը, քանի որ սույն օրենքի համաձայն` մայիսի 1-ից պարտադիր դրոշմապիտակ պետք է ունենային հատկապես վիտամինը, պատվաստանյութը, դեղորայքը, օծանելիքը և այլ ապրանքներ: Եվ սա այն դեպքում, երբ դրոշմապիտակը տրվում է միայն ներկրողին և արտադրողին:
Փաստորեն Կառավարությունը, հերթական անգամ գնալով զիջումների, ՓՄՁ-ներին հնարավորություն տվեց դեռ անցած տարվանից ներկրված կամ ձեռք բերած համապատասխան ապրանքատեսակի մնացորդն իրացնել առանց դրոշմապիտակի՝ մինչև հունիսի 30-ը, միևնույն ժամանակ հանձնարարելով ՀՀ ֆինանսների նախարարությանը իրավիճակի հանգուցալուծման համար սահմանել նոր կարգ:
Ի՞նչ կտա օրենքի հերթական լրամշակումը, արդյո՞ք դրան կմասնակցեն ՓՄՁ ներկայացուցիչները, ի՞նչ երաշխիքներ կան, որ առաջարկվող միջանկյալ լուծումները կծառայեն երկարաժամկետ: Այս և այլ հարցերի շուրջ է Aysor.am –ը զրուցեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանի հետ:
-Պարոն Ավագյան, ինչո՞ւ է կառավարությունը փոփոխության ենթարկում« Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը, որը հենց ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ դեռևս մեկ տարի առաջ արդեն իսկ փոփոխության էր ենթարկվել և ավելացվել էին դրոշմապիտակավորման ենթակա նոր ապրանքային խմբեր:
-Ամենակարճ պատասխանը հետևյալն է՝ քանի որ ընդունվել էր մի դրույթ, որի իրականացումը այսօրվա գործող պայմաններում անհնարին է:
-Ստացվում է` օրենքն ընդունողները սխա՞լ էին հաշվարկել ,թե իրավիճակին չեն տիրապետում:
-Մեր ասոցիացիային էին դիմել օծանելիք ներմուծող, վաճառող փոքր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք` համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի դրույթների, եթե չեն հանդիսանում ապրանք ներմուծող կամ արտադրող, զրկված են հարկային մարմիններից դրոշմապիտակ ստանալու , հետևապես իրենց ապրանքները մինչև վաճառքի հանելը դրոշմապիտակավորելու իրավունքից:
-Բայց չէ որ այդ ապրանքներն ինչ-ինչ պայմաններում մարդիկ ներմուծել են ՀՀ տարածք:
-Այսինքն մենք նորից արձանագրում ենք, որ լուրջ խնդիր ունենք` կապված մաքսային սահմանի, այսպես կոչված կարգոների, կամ թերի հայտարարագրումներով մաքսազերծումների հետ: Տնտեսվարողները, որոնք ներմուծումն իրականացրել են ահա այդ ճանապարհով , ստացվում է` ժամանակին չեն ֆիքսվել մաքսային սահմանում որպես ներմուծող, այդ պատճառով էլ այսօր կանգնել են փաստի առաջ, չեն կարողանում ստանալ դրոշմապիտակ: Հետևաբար մանրածախ և մեծածախ առևտրով զբաղվողները ստիպված են թափել իրենց պահեստների մնացորդը ` անկախ քանակից, կորուստի չափից, կամ պետք է վաճառեն ստվերում , կամ էլ տուգանվելու վախի զգացումով փորձեն զարթուղի ճանապարհներով գտնել իրացման հնարավորություն:
-Փաստորեն, եթե օրենքը մայիսի 1-ից մտներ ուժի մեջ, ստացվում է գերատեսչությունն սկսելու էր պայքարել ինքն իր ստեղծած դրության դեմ, չէ որ մաքսային սահմանի վերահսկողությունն էլ դրված է նույն Ֆինանսների նախարարության վրա, որն իրականացնում է նաև հարկային մարմնի ֆունկցիան: Ուրեմն ինչո՞ւ է թույլատրվում, որ այդ ճանապարհով ապրանք հայտնվի շուկայում:
-Ինձ համար ի սկզբանե տարօրինակ է եղել, թե առհասարակ ինչու ենք մենք դրոշմապիտակավորում այն ապրանքները, որոնք ներմուծվում են: Ի վերջո, դրոշմապիտակավորելու հիմնական ֆունկցիան դա ապրանքների՝ հետևաբար նաև վաճառքների ծավալները վերահսկելու համար է ներդրված : ուրեմն հարց է առաջանում, եթե մենք ունենք լուրջ վերահսկվող մաքսային սահման, ապա ինչու ենք նորից, կրկնակի դրոշմապիատակներով հսկում ներմուծվող ապրանքների ծավալները արդեն մեր ներքին շուկայում: Այսինքն ինքներս մեզ ասում ենք, որ չենք վստահում մաքսային սահմանի վերահսկողությանը, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք:
-Կարող ենք ասել, որ լուրջ հակասություն ունենք իրական կյանքի և ընդունված օրենքների միջև:
-Այո, և մեր իսկ ընդունած օրենքներով մենք անհնարին իրավիճակների մեջ ենք գցում մեր տնտեսվարողներին, իսկ առավել անելանելի իրավիճակի մեջ` ՓՄՁ-ներին: Նմանատիպ խնդիր ունեինք «Շրջանառության հարկի մասին» փոփոխությունների ժամանակ, երբ փոքր բիզնեսի ներկայացուցչից փաստաթուղթ էինք պահանջում այն ապրանքների համար, որոնք նույն ԿԳ-ներով կամ այսպես կոչված կարգոներով ներմուծվել-հայտնվել են մեր շուկա երրորդ անձանց անուններով և առանց մաքսազերծման փաստաթղթերի, կամ տեղական լոլիկ արտադրողին դնում ենք ծայրահեղ անմրցունակ իրավիճակում, երբ թույլատրում ենք երրորդ երկրներից թերի հայտարարագրումներով անորակ բանջարեղենի հայտնվելը մեր շուկա: Այստեղ մենք լուրջ խնդիր ունենք թե' տեղական արտադրողներին պաշտպանելու, թե' երկրում պարտադիր փաստաթղթավորման հարցը ապահովելու հարցում:
-Իսկ կառավարությունը չգիտե՞ր այս խնդիրների մասին, ինչու օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նախաձեռնեց օրենքի փոփոխությունը և հրատապ ԱԺ արտահերթ նիստի օրակարգ մտցրեց լրամշակման նախագիծ:
-Ի պատիվ կառավարության ղեկավարի և աշխատակազմի պետք է շնեմ, որ ականջալուր եղան մեր կողմից մոտ մեկ ամիս առաջ ներկայացված գրություններին, հետևողական գտնվեցին բարձրացված խնդիների նկատմամբ և գնացին փոփոխությունների:
Պետք է ընդգծեմ մի շատ կարևոր փաստ` այսօր առկա է երկխոսություն կառավարություն-ՓՄՁ ներկայացուցիչներ հարաբերություններում, ինչի արդյունքում գուցե մի քիչ ուշացումներով, բայց կարողանում ենք խնդիրները հասցնել կառավարության ղեկավարին, այդկերպ ինչ -որ չափով իրականացնելով բիզնես շահերի պաշտպանության ֆունկցիաներ, խուսափելու համար ամեն որոշմանը հետևող ընդվզումներից, ամեն քայլափոխին ինքնակազմակերպվող բողոքի ակցիաներից ու դժգոհության մեծ ալիքից:
Իհարկե ցավալի է, երբ մենք նախաձեռնում ենք տնտեսական բարեփոխումների մի շարք նախագծեր, առանց ապահովելու դրանց իրականացման համար պարտադիր պայմաններն ու հստակ մեխանիզմները` ասելով ՈՉ որևէ արտոնյալ մատակարարի, որևէ մեկ թերի մաքսազերծում իրականացնողի և այլն:
-Այս փոփոխության նախագիծը, որն ուղարկվել է ԱԺ, երաշխավորո՞ւմ է, որ կլուծի Ձեր թվարկած խնդիրները բիզնեսի համար:
-Իհարկե ոչ, այս նախագիծը լուծվում է մեկանգամյա խնդիր. վաճառողի մոտ առկա ապրանքային մնացորդի համար տրամադրվելու է դրոշմապիտակ, նա կարողանալու է վաճառել եղած մնացորդը, իսկ հետո, երբ նույն տնտեսվարողը կրկին նույն ճանապարհով ներմուծի կամ ձեռք բերի դրոշմապիտակավորման ենթակա ապրանք, փաստորեն նորից կանգնելու է այն օրինական իրացնելու խնդրի առաջ:
Նույնն է խնդիրը «Շրջանառության հարկի մասին» առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով. ցավոք սրտի մենք բոլոր խնդիրների լուծումները կառուցում ենք` հատկապես շրջանցելով մաքսային սահմանի խնդիրները… ու չգիտես ինչու..:
Նշենք նաև, որ Ազգային Ժողովի այսօր մեկնարկելիք արտահերթ նիստի օրակարգում նախատեսված է քննարկել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը: