05/05/2015 15:37
Հայ-թուրքական սահմանը խախտած քաղաքացին և անասունները վերադարձվել են Թուրքիա
ՀՀ գործող օրենսդրության և միջազգային համաձայնագրերին համապատասխան՝ պետական սահմանը հատած անչափահաս քաղաքացին և 12 գլուխ անասունները Հայաստանի իրավապահ մարմինների որոշմամբ՝ համապատասխան ակտով հանձնվել են թուրքական կողմին։ Այս մասին հայտնում է «Regnum.ru»-ն` հղում անելով Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությանը:
Անցյալ հանգստյան օրերին հայ-թուրքական սահմանին ձերբակալվել է մեկ սահմանախախտ և կովերի նախիր։ Սահմանը պաշտպանելու գործում ռուս սահմանապահներին օգնություն են ցուցաբերել սահմանամերձ շրջանների բնակիչները։
«Անցյալ հանգստյան օրերին Բաղրամյան բնակավայրի բնակիչներից մեկը տեղեկություն էր հաղորդել, որ Թուրքիայի Հանրապետության սահմանից ՀՀ է տեղափոխվում խոշոր եղջերավոր անասնախումբ։ Մի քանի րոպե անց սահմանապահների խումբը հայտնաբերել է Հայաստանի տարածքում արածող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Որոնողական աշխատանքների արդյունքում թփերում հայտնաբերվել է մեկ սահմանախախտ, որը, պարզվել է, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Վ.-ն է՝ ծնված 1999թ. Ռամազանկերտ գյուղում։
Նրա խոսքով՝ ինքը ապօրինի կերպով հատել է սահմանը, որպեսզի Թուրքիա վերադարձնի անասուններին, որոնք պատահաբար անցել են Հայաստանի սահմանը։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունը իր երախտագիտությունն է հայտնել սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք ակտիվորեն օգնում են սահմանապահներին պետական սահմանը պաշտպանելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։