05/05/2015 12:28
Հ. Բիշարյան. «Մինչև 270 միլիոնից» որքա՞ն մասը Հայաստանը կվերցնի
ԱԺ-ն արտահերթ նիստում այսօր շարունակեց քննարկել Ռուսաստանից հերթական վարկ վերցնելու մասին հարցը, որը ուղղված կլինի հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելուն: Հիշեցնենք, այդ աշխատանքներն իրականացնելու համար նախատեսվում է ՌԴ-ից մինչև 270 մլն դոլար վարկ վերցնել:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ խիստ կարևոր է, որ իսկապես ֆինանսավորում լինի և կարողանանք շահագործման հանձնել ատոմակայանի երկրորդ բլոկը: Բայց այդուհանդերձ նա այն կարծիքին է, որ մինչև վավերացնելը կազմակերպվեն լսումներ, որպեսզի հստակ ձևակերպվի, թե «մինչև 270 մլնից» որքան մասը Հայաստանը կվերցնի և այդ գումարը ինչ հասցեներով կուղղվի.
«Մենք կարևորում ենք, որ լսումներ անպայման տեղի ունենան և հստակ նշվի, թե այդ 270-ից որքանն իրականում վերցրեցինք, որովհետև «մինչևը» թողնում է մեզ հարցականի տակ»,- ասաց տիկին Բիշարյանը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ առաջարկն ընդունվեց ի գիտություն և հանձնարարեց համապատասխան հանձնաժողովին քննարկել լսումներ կազմակերպելու հարցը:
Անմիջապես հարցը դրվեց քվեարկության. «կողմ» 115, «դեմ» 0, «ձեռնպահ» 2 ձայների հարաբերակցությամբ որոշումն ընդունվեց առաջին ընթերցմամբ: