05/05/2015 17:18
Մարգարիտ Եսայանը՝ Նաիրա Զոհրաբյանի մասին. Դպրոցականի նման չպիտի վազեի իր հետևից
«Համարենք, որ ես էլ միացել եմ ստորագրահավաքին, եթե անգամ այդ թղթի տակ չեմ ստորագրել: Բայց պետք է ասեմ, որ կոչ անելը մի բան է, կոնկրետ գործողությունն`այլ բան»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը:
Հիշեցնենք, արտահերթ նիստի մեկնարկին այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ն նախաձեռնել է ստորագրահավաք՝ ԲՀԿ-ական գործարար, նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար և հորդորեց պատգամավոր գործընկերներին միանալ այդ ստորագրահավաքին՝ մասնավորապես կին պատգամավորներին: Սակայն Մարգարիտ Եսայանը նշեց, որ կոնկրետ իրեն չեն մոտեցել ու ստորագրահավքին մասնակից չեն դարձրել՝ Ն.Զոհրաբյանը շրջանցել է իրեն.
«Այն պահին, երբ տիկին Զոհրաբյանը թերթիկը ձեռքին մոտենում էր ընդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ես դահլիճում նստած էի ու սպասում էի, որ ինձ էլ կմոտենա: Եվ ասեմ, որ միտումնավոր էի նստել, բայց ցավոք՝ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ինձ շրջանցեց: Հասկանալի է, որ դպրոցականի նման չպիտի վազեի իր ետևից ու ասեի`թերթիկը տուր ստորագրեմ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ միևնույն կարող ենք հստակ համարել, որ ինքն էլ միացել է ստորագրահավաքին:
Մ.Եսայանը նկատեց նաև, որ անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանա հետաքննությունը ու ինչ կբացահայտվի դրա ընթացքում խնդրում է մեկ բան ՝ հաշվի առնելով Գոհար Ենոքյանի տարիքը և եթե հնարավոր է կալանքը փոխարինվի հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ ու այդ կերպ իրականացվի քննությունը.
«Կարծում եմ՝ սա հնարավոր կլինի, քանի որ տիկին Ենոքյանը նաև վատառողջ է»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:
Նշենք, որ այս պահին դրությամբ ստորագրահավաքին միացել է 34 պատգամավոր: