05/05/2015 20:22
Քանի որ նրանք հանդիպում էին, ես արդեն պատրաստ էի այս հանգուցալուծմանը. Նադեժդա Սարգսյանը՝ Էմմի ամուսնության մասին
Aysor.am-ի զրուցակիցը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանն է, ում հետ խոսեցինք ոչ միայն գործուեության և այսօր երգարվեստում տիրող «քեֆային» տրամադրության, այլև՝ միակ դստեր` երգչուհի Էմմի օրեր առաջ կայացած ամուսնության մասին:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Մշակույթի պետական քոլեջում արդեն մոտենում է քննական շրջանը: Նաև երեխաների ենք նախապատրաստում` միջազգային մի քանի մրցույթների մասնակցելու համար: Նշեմ, որ մեր սաները և «Դո ռե մի» վոկալ ստուդիայի սաները մասնակցել են Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային մրցույթին, բոլոր 17 մասնակիցներն էլ վերադարձել են մրցանակներով: Իսկ մեր վերջին հաղթանակը Սան Ռենոյի մրցույթն էր, որտեղ իմ երեք սաներն էլ հաղթանակ են տարել:
-Դատելով Ձեր խոսքերից և ոգևորությունից` բավական լավ երաժշտական սերունդ է ձևավորվում:
-Ընդհանրապես, նկատել եմ, որ ներկայիս մեր երիտասարդները շատ լավն եմ: Տարբեր ոլորտներում տաղանդավոր երիտասարդներ ունենք, կարող ենք հույս դնել նրանց վրա: Շատ եմ ուրախանում այսօրվա մեր երիտասարդությամբ:
-Տիկին Նադեժդա, նկատե՞լ եք, որ այսօր երաժշտական ասպարեզում «քեֆային» երգերի միտում է: Դա ֆինանսակա՞ն խնդիրների պատճառով է:
-Այսօր բոլորս` ամբողջ աշխարհն ունի այդ ֆինանսական խնդիրները: Սակայն կան մարդիկ, ովքեր հարազատ են մնում իրենց սկզբունքներին, մարդիկ էլ կան` հակառակը: Չես կարող մեղադրել ոչ-ոքի, ընտանիք են պահում, հացի փող վաստակում: Այսօր մարդիկ ստիպված ամեն ինչ անում են, որ իրեց ապրուստն ապահովեն:
-Կա՞ ինչ-որ մեկը, ում ոճային փոփոխության համար ցավ եք ապրում:
-Շատերի համար եմ ցավում, չեմ ցանկանա անուններ նշել: Բայց կարևորն այն է, որ ինչ էլ երգեն, իրենց ոճը պահպանում են: Կցանկանայի, որ նորից համերգային երկիր դառնանք: Քանի որ այդ մշակույթը չկա, մեր երգիչները դիմում են տարբեր միջոցների, որպեսզի կարողանան և իրեց սիրած աշխատանքով զբաղվել, և ընտանեկան սոցիալական ապահով վիճակ ստեղծել: Համենայնդեպս, իրենց երգը չեն թողնում և այլ աշխատանքով զբաղվում: Դա ինձ գոնե մի-քիչ ուրախացնում է:
-Ինքներդ էլ Էմմիի հետ անցել եք Եվրատեսիլյան «թոհ ու բոհով». արդյոք զգո՞ւմ եք տարբերություն այս տարիների կազմակերպչական գործունեության, նաև` արձագանքների տեսանկյունից:
-Ես տեսել եմ, թե ինչպես է այս տարի աշխատում Հանրային հեռուստատեսությունը: Ինձ համար ուրախալի և ողջունելի է այդ մոտեցումը, կցանկանայի, որ ամեն տարի նման կերպ աշխատեին: Նման աշխատանքներ տարվեցին նաև սկզբնական երկու տարիներին, ինչից հետո անկում եղավ: Ամեն դեպքում, այս տարվա և մտահղացումը, և մասնակիցները շատ լավ են: Իսկ մարդկանց արձագանքներին չեմ հետևում, քանի որ մենք միշտ սիրում ենք մեր մասնակիցներին «փնովել», ինձ դա երբեք դուր չի եկել: Հասկացել եմ, որ միևնույն է, վատ բաներ գրվելու են, ինչն անցանկալի է: Ի վերջո, մի մոռացեք, մեր երեխաներն են գնում մասնակցում, նրանց պետք է խրախուսել, ոգևորել, իսկ այլ երկրներ իրենց մասնակիցներին ուրախ տրամադրությամբ են ճանապարհում:
-Մեր բողոքելը, կարծում եմ, ազգային բնավորություն է:
-Բայց այդ բնավորությունը պետք է վերացնել մեր մեջից, չի կարելի: Ամբողջ օրը այլ ազգերի ենք վատաբանում` մոռանալով ինքներս մեզ վրա հայացք գցել: Ամոթ է ի վերջո:
-Տիկին Նադեժդա, այս օրերին հնարավոր չէ Ձեզ հետ խոսելիս Էմմիին չանդրադառնալ. շնորհավորում եմ Ձեր դստեր ամուսնության կապակցությամբ: Ձեզ համար նրա` ընտանիք կազմելու որոշումն անակնկա՞լ էր, թե՞…
-Քանի որ նրանք հանդիպում էին, ես արդեն պատրաստ էի այս հանգուցալուծմանը, անակնկալ չէր: ՄԵնք միմյանցից երբեք ոչինչ չենք թաքցրել:
-Ձեր փեսան ազգությամբ հա՞յ է:
-Իհարկե: Բայց ավելին չեմ ասի, քանի որ Էմմին չի սիրում իր անձնական կյանքը հանրայնացնել: Այնպես որ, պետք է լռեմ:
-Նա մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում, արդյոք այստեղի հետ կապերը բոլորովին կխզի:
-Այնտեղ է ապրում, բայց կապը միշտ կպահպանի: Կշարունակի մասնակցել տարբեր միջոցառումների և այստեղ, և այնտեղ, լինել ամենաակտիվ երգչուհիներից: Ի դեպ, այնտեղ արդեն նոր երգ և տեսահոլովակ է նկարահանել: Ես հանգիստ եմ, քանի որ նրա գործունեությունը շարունակվելու է:
-Որքան էլ հաճախակի տեսնվելու հնարավորություն ունենաք, Էմմին բավական հեռավորության վրա է բնակվում: Մենակության զգացում չե՞ք ունենում:
-Գիտեք, սկզբում շատ էի մտածում այդ հարցի շուրջ: Բայց ինձ համար ամենակարևորը նրա երջանիկ լինելն է: Այդ տարածությունը հաղթահարելի է, փառք Աստծո, այսօր կա Viber, կա Skype: Ամեն օր միմյանց հետ զրուցում ենք, հեռավորությունը երբեք չի խանգարի մեզ, որ միասին լինենք ու ես վայելեմ իմ դստեր երջանկությունը:
-Միգուցե դո՞ւք էլ հաստատվեք Միացյալ Նահանգներում:
-Իհարկե ոչ: Միշտ կգնամ-կգամ, նա կայցելի հաճախ: Չէ՞ որ իմ միակ աղջիկն է: Բայց դեռ ոչ մի խոսք, մտածմունք չկա հաստատվելու մասին: Իհարկե, շատ կցանկանանք իրար կողք լինել, բայց դե կյանքն այսպես է դասավորվել, կարևորը` նա երջանիկ լինի, ես ուրիշ ոչ մի բան չեմ ուզում:
-Այս երկու օրը խոսակցություններ թեժացան նաև Էմմիի հավանական հղիության վերաբերյալ: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը:
-Մեր ազգը շա~տ մեծ երևակայություն ունի… Եկենք չխառնվենք այս աղջկա կյանքին, թույլ տանք, որ Աստված որոշի այդ հարցը: Աղջիկս երջանկացել է, երգչուհի լինելուց բացի նա հասարակ մարդ է, ով ցանկանում է հանգիստ վայելել իր անձնական կյանքը: Բավական է եզրակացություններ անել:
-Այս անգամ եզրակացությունը բարի է, տա Աստված` իրականություն դառնա:
-Համամիտ եմ: Ես միայն ուրախ կլինեմ: Շնորհակալ եմ, որ ամեն ինչ փորձում եք մեզանից ճշտել, ոչ թե կողմնակի կարծիքներով առաջնորդվել: