05/05/2015 17:33
Ն. Զոհրաբյան. Չեմ ցանկացել որևէ մեկին դնել վատ դրության մեջ
«Ես մոտեցել եմ բացառապես այն պատգամավորներին, ովքեր նախապես ինձ դիմել են՝ ասելով, որ երբ ձևաթուղթը բերենք դահլիճ, ապա իրենց մոտենամ: Ես չեմ մոտեցել պատգամավորներին, որոնք ինձ նախապես չեն դիմել, որովհետև մտածել եմ, որ եթե իրենք չեն դիմել, ապա չեն ցանկանում ստորագրել և չեմ ցանկացել որևէ մեկին դնել վատ դրության մեջ»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի հայտարարությանը:
Հիշեցնենք, Aysor.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը նեղսրտել էր, թե ինքը ցանկանում էր միանալ Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու առնչությամբ կազմակերպած ստորագրահավաքին,սակայն Ն. Զոհրաբյանն իրեն չի մոտեցել:
ԲՀԿ խմբակցության ղեկավարը հիշեցրեց, որ ստորագրահավաքի մասին իր այդ հայտարարությունը եղել է հրապարակային, հրապարակային դիմել է խորհրդարանի բոլոր 131 պատգամավորներին և նշել, որ ովքեր ցանկանում են ստորագրել կարող են մոտենալ և ստորագրել.
«Մեր խմբակցություն մոտեցել են բազմաթիվ պատգամավորներ, ստորագրել են ձևաթուղթը, կային պատգամավորներ, ովքեր հեռախոսով զանգահարել են ինձ կամ անձամբ նիստերի դահլիճում մոտեցել ու խնդրել, որ տամ ձևաթուղթը: Բայց, կրկնում եմ, որևէ պատգամավորի, որը նախապես ինձ դիմած չի եղել ես չեմ մոտեցել»,- ասաց նա ու թվարկեց նախապես իրեն դիմած պատգամավորներին՝ Արտաշես Գեղամյան, Սամվել Ֆարմանյան, Խոսրով Հարությունյան, Ռուբեն Հակոբյան և այլն: Նրանք բոլորը նախապես զգուշացրել էին, որ ձևաթուղթը լինելուն պես կստորագրեն:
Ն.Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ այս պահի դրությամբ արդեն 37 ստորագրություն կա և մոտ մեկ ժամ առաջ ԲՀԿ-ական Էլինար Վարդանյանը միջնորդությունը, որին կցված է եղել նաև Գոհար Ենոքյանի վատառողջ լինելը հաստատող բժշկական տեղեկանքների մի ամբողջ փաթեթ հանձնել է ՀՀ գլխավոր դատախազություն.
«Հիմա մենք սպասում ենք պատասխանի: Տիկին Վարդանյանը պարբերաբար կապ կհաստատի գլխավոր դատախազության հետ՝ բավարարում է իրենց 37 պատգամավորի միջնորդությունը, թե ոչ»,- հավելեց մեր զրուցակիցը: