05/05/2015 13:49
Նաիրիտցիներն այնքան են ցույց անելու, մինչև իրենց աշխատվարձերը վճարեն
Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները հավաքվել էին նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։
«Նաիրիտի» նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենք նախագահական նստավայրից հետո շարժվել են դեպի Ազգային ժողով, այս պահին գնում են Կառավարություն, որից հետո էլ կավարտվի իրենց ցույցը:
«Մենք ամեն օր հավաքվելուց սպասում ենք, որ ինչ-որ բան կլինի, բայց ակնհայտ է, որ ցանկություն չունեն»,-ասաց նա:
Հարցին՝ որքա՞ն կարող են շարունակվել նման ակցիաները, Ա. Հարությանը պատասխանեց. «Այնքան ենք հավաքվելու, մինչև մեր աշխատվարձերը վճարեն»:
Հաջորդ ակցիան նշանակված է հինգշաբթի օրը՝ ժամը 11.00-ին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին գործարանի աշխատակիցները ստացել են մեկ ամսվա աշխատավարձերը:
Փետրվարի 6-ից «Նաիրիտ» գործարանի մոտ 1700 աշխատակիցներ առանց վերջնահաշվարկի ազատվել են աշխատանքից։