05/05/2015 12:05
Կրքերը թեժանում են. Յուրի Վարդանյանը հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ
Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը նախօրեին հրավիրվել է երկրի արտգործնախարարություն՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի հանդիպման կապակցությամբ:
«Նովոստի-գռուզիան» գրում է, որ հարավօսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիբիլովը աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում Գալուստ Սահակյանի հրավերով: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող ակտուալ հարցեր:
Ըստ աղբյուրի՝ Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն արտահայտել է իր խիստ անհանգստությունն այս հանդիպման կապակցությամբ և նշել, որ այն հակասում է Վրաստանի և Հայաստանի միջև առկա ավանդական բարեկամական ոգուն և վնասում երկկողմ հարաբերություններին:
Բացի այս նշվում է, որ Վրաստանի փոխարտգործնախարարը զարմացած է հետո տարածված հայտարարությունից, թե հանդիպումը կրել է մասնավոր բնույթ և նշել, որ վրացական կողմի համար ընդհանրապես ընդունելի չէ «բարեկամ երկրի պաշտոնական անձանց շփումները օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչների հետ»:
Աղբյուրը գրում է նաև, որ ՀՀ դեսպանը իր ափսոսանքն է հայտնել կատարվածի վերաբերյալ և հայտարարել, որ «Երևանն անմիջապես կտեղեկացվի Վրաստանի դիրքորոշման հետ»:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և քննարկել Սահակյան-Բիբիլով հանդիպումը: Հ.Աբրահամյանը պարզաբանել է, որ Բիբիլովը Արցախում էր ոչ աշխատանքային օրով մասնավոր այցով և Գ.Սահակյանի հետ շփում է տեղի ունեցել անձնական բնույթի և «հանդիպմանը չեն քննարկվել գործնական հարցեր, այդ թվում և Վրաստանի տարածքներին վերաբերող հարցեր»:
Նշենք, որ Անատոլի Բիբիլովը Արցախում էր մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով: