05/05/2015 19:38
Արմեն Երիցյան. Գրեթե բոլոր սահմանամերձ համայնքները խմելու ջրի խնդիր են ունեցել
Այսօր ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Վահան և Ճամբարակ սահմանամերձ համայնքներ: Նախարարին ուղեկցում էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Վահանի համայնքապետ Գուրգեն Բալյանը և Ճամբարակի համայնքապետ Յուրա Ավալյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:
Նախարարն այցելել է համայնքի մանկապարտեզ, որը վերանորոգվել է 2012 թվականին՝ «Շեն» և SAGF բարեգործական կազմակերպությունների միջոցներով: Շենքն ունի արևային ջեռուցման համակարգ, որը տեղադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ:
Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Մնացականյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է տարածքում, եղել հանդիսությունների սրահում, ծանոթացել մանկապարտեզի հնարավորություններին և ընթացիկ աշխատանքին: Ներկայումս մանկապարտեզ է հաճախում 40 երեխա:
Նախարար Ա. Երիցյանը զրուցել է նաև գյուղացիների հետ, ծանոթացել համայնքում առկա խնդիրներին: Համայնքապետ Գուրգեն Բալյանը նշել է, որ Վահանն ունի որոշ գյուղատնտեսական խնդիրներ, հիմնականում կապված գյուղտեխնիկայի հետ, սակայն ի տարբերություն շատ համայնքների՝ գյուղում լուծված է խմելու ջրի հարցը:
«Ուրախալի է, որ գյուղը չունի խմելու ջրի խնդիր: Ես այցելել եմ սահմանամերձ բոլոր համայնքներ, և գրեթե բոլոր համայնքները խմելու ջրի խնդիր են ունեցել»,-ասել է նախարարը:
Ճանապարհին նախարար Երիցյանն այցելել է նաև Վահան գյուղի մերձակա մարտական դիրքեր, որտեղ հրամանատարության հետ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության խնդիրները:
Մարզային այցի հաջորդ կանգառը Ճամբարակն է եղել, որը հանրապետության միակ քաղաքային սահմանամերձ համայնքն է: ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է Ճամբարակի առողջական կենտրոն, որտեղ ծանոթացել է վերանորոգման աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին և զրուցել բուժանձնակազմի հետ: Ա. Երիցյանը հետաքրքրվել է նաև առողջական կենտրոնի «1-03» ծառայության սպասարկմամբ:
«Ճամբարակի բնակիչը, բացի ՎիվաՍել-ՄՏՍ-ից, այլ օպերատորի հեռախոսահամարից զանգելով «1-03» ծառայություն, կապ է հաստատում Երևանի «1-03» ծառայության աշխատակցի հետ: Մենք սերտ համագործակցում ենք նաև մյուս օպերատորների հետ, որպեսզի յուրաքանչյուր բջջային օպերատորի հեռախոսահամարից «1-03» զանգահարող Ճամբարակի քաղաքացին կապ հաստատի անմիջապես տեղի առողջական կենտրոնի հետ»,- տեղեկացրել է նախարարը` հավելելով, որ ակտիվ աշխատանքներ են տարվում նաև սահմանամերձ համայնքների շտապօգնության մեքենաների արդիականացման ուղղությամբ:
Ճամբարակի առողջական կենտրոնի նոր մասնաշենքը վերանորոգման փուլում է և պատրաստ կլինի շահագործման ընթացիկ տարվա նոյեմբերին:
Կենտրոնի տնօրեն Արմեն Մելքումյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել շինհրապարակում, ծանոթացել կենտրոնի բաժանմունքներին, ծննդատանը, բուժսպասարկման այլ հնարավորություններին: Կենտրոնի տնօրենը նախարարին հայտնել է, որ նորակառույց հիվանդանոցը հագեցած կլինի ժամանակակից բուժտեխնիկայով և կունենա բարձրակարգ որակավորում ունեցող բուժանձնակազմ: Առողջական կենտրոնում գործելու է Ճամբարակում առաջին վերելակը: