05/05/2015 16:46
Վազգեն Խաչիկյանի գործի շրջանակներում նոր գործ է մտել դատարան
Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից զգալի չափերի գումարի հափշտակման նոր գործ է բացահայտվել: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արամ Մարտիրոսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա հունվարի 5-ից աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ապահովության պետական ծառայության Երևան քաղաքի «Ավան և Նոր Նորքի» տարածքային բաժնի պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օժտված լինելով ծառայության տարածքային բաժնի կանոնադրությամբ նախատեսված կենսաթոշակների և սոցիալակամ այլ ծրագրերով վճարների նշանակման, վերահաշվարկման, վճարային ցուցակների կազմման գործընթացը ղեկավարելու և վերահսկելու լիազորություններով, 2009-2010թթ. ընթացքում օգտագործելով իր պաշտոնական դիրքը, Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 64.078.853 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել պաշտոնական կեղծիք:
Ա. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2-րդ կետերով և 314-րդ հոդվածով, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը մուտք է արվել Կենտրոն և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին: