05/05/2015 18:22
Արտերկրում աշխատանքի անցնելու համար գրանցումը ևս անխուսափելի է. Վ. Միրումյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ԱԺ-ն քննարկում է եկամտահարկի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը: Ըստ առաջարկվող օրենքի՝ արտագնա աշխատանքի համար այսուհետ մեր քաղաքացիները պետք է լրացնեն հատուկ փաստաթութ: Օտարերկրյա կազմակերպությունում աշխատանքի անցնելու համար փաստաթուղթը կստորագրեն դրսում, որը հաստատաված կլինի կառավարության կողմից, իսկ հայակական կազմակերպությունում աշխատանքի անցնելու համար՝ Հայաստանում:
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ՀՀ ֆինանասների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պարզաբանեց, որ խոսքը հիմնականում վերաբերում է շինարարական խոշոր կազմակերպություններին, իսկ բոլոր փաստաթղթերը ձևակերպվելու են Հայաստանում.
«Միայն այդ փաստաթղթավորումից հետո հնարավոր կլինի աշխատանքի անցնել տվյալ կազմակերպությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության աշխատակիցները գնալու են աշխատանքի, իսկ այդ ամբողջ աշխատանքը կատարվելու է կազմակերպության կողմից, որից հետո կազմակերպությունն արդեն օտարերկրյա կազմակերպությանը մատուցելու է շինարարական աշխատանքների մատուցման ծառայություններ: Միայն համապատասխան փաստաթղթի առկայության դեպքում կազմակերպությունը կարող է աշխատողներին վճարել աշխատավարձեր»,- ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ կազմակերպությունը վճարելու է նաև շահութահարկ: Նրա համոզմամբ՝ սա առանձին ծրագիր է, որն ուժի մեջ կմտնի միայն կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո, իսկ մինչ այդ՝ քննարկումների արդյունքում կպարզեն, թե օրենքն ինչ է ենթադրում:
Լրագրողի դիտարկմանը՝ բայց ՀՀ քաղաքացիների մեծ մասն այսօր մեկնում է արտգնա աշխատանքի առանց գրանցման, Միրումյանը նախ հստակեցրեց, որ այդ ամենը հաշվի են առել, այնուհետև շարունակեց, որ այո, կա այդպիսի իրավիճակ, բայց կա նաև իրավիճակ, երբ գրանցումն անխուսափելի է:
Aysor.am-ի հարցին, թե սա ավելորդ խոչընդոտների առիթ չի՞ դառնա, Միրումյանը պատասխանեց՝ ոչ.
«Այո, սկզբում կային դժվարություններ, բայց այնպես է ստացվել, որ այս գործընթացն արդեն ընթանում է հակառակ ուղղությամբ: Այսինքն՝ գնալով ավելի է դժվարանում առանց աշխատողին գրանցելու աշխատանք գտնելը, հատկապես եթե խոսքը շինարարական աշխատանքների մասին»,- նկատեց նա:
Մեր դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ հետագայում ստիպեն աշխատողներին գրանցվել, Միրումյանը վստահեցրեց, թե ոչ: «Բացարձակապես ստիպելու կամ հարկադրելու որևէ խնդիր չկա: Սա պարզապես հնարավորություն է ընձեռում արտերկրում շինարարական կազմակերպությունների ազգությամբ հայ սեփականատերերին կանոնակարգել իրենց գործունեությունը, և ոչ միայն հայերի, քանի որ կան երկրներ, որոնք շահագործում են մեր հայրենակիցներին»,- հավելեց նա՝ հստակեցնելով, որ խոսքը գնում է մասնավորապես ԵՏՄ անդամ երկրների մասին, որտեղ գործում են տարբեր օրենքներ:
Նրա խոսքով՝ այդ երկրներում օրենսդրությունները տարբեր են և, բնականաբար, յուրաքանչյուր ձեռնարկատեր ձգտում է իր գործունեությունը ծավալելու նպատակով աշատողների վարձել «սև շուկայից»: «Այդպիսի կազմակերպությունները ձգտում են իրենց բիզնեսը կամ ձեռնարկությունը գրացնել նաև այնտեղ, որտեղ օրենսդրությունն ի նպաստ կամ հօգուտ իրենց է, սակայն աշխատողների համար առաջանում են լուրջ խնդիրներ»,- մանրամասնեց փոխնախարարը:
Լրագրողի դիտարկմանը՝ իսկ եթե օրենսդրությունները համադրելի՞ չեն, Միրումյանը հակադարձեց. «Համադրելի են և աշխատում են այն տոկոսներով, որոնք ձեռնտու են կողմերին»,- ասաց նա:
Իսկ հացրին, թե այդ դեպքում կազմակերպության համար քաշքշուկներ չե՞ն առաջանա, փոխնախարարն արձագանքեց, որ կամզակերպությունները նախապես են ծանոթանում այդ ամենին: Նա հավելեց նաև, որ նույնը վերաբերում է ամերիկյան ու եվրոպական կազմակերպություններին: