05/05/2015 18:54
Լեզվավաճառությունն ավելի վատ է, քան մարմնավաճառությունը. ԱԺ-ում կրքերը թեժանում են
«Երկար լսեցի ու հասկացա, որ այստեղ խոսում են ամեն ինչի մասին, բացի օրենքից: Խեղաթյուրում եք օրենքը»: ԱԺ-ում «Եկամտահարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ, արձագանքելով ընդդիմադիր պատգամավորների հայտարարություններին, իր ելույթում հայտարարեց հիմնական զեկուցող, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:
Շարունակելով խոսքը՝ նա նախ պարզաբանեց, որ օրենքում խոպանչիների մասին խոսք չի գնում, իսկ հետո հավելեց. «Որևէ քաղաքացիություն կորցնելու մասին չի խոսվում: Այս օրենքը վերաբերում է հարկային գործակալին, որ մարդիկ է տանում արտերկիր` արտագնա աշխատանքի: Մենք հիմա ասում ենք` այնտեղ եկամտահարկ մուծելու փոխարեն, այստեղ մուծի: Իսկ որպեսզի մեզ մոտ ու արտերկրում տոկոսների տարբերություններ չլինեն, դրա համար իջեցնում ենք եկամտահարկի տոկոսները ու հավասարեցնում ՌԴ-ին»,- մանրամասնեց նա:
Դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, մասնավորապես ՀԱԿ խմբակցության Արամ Մանուկյանիան` Այվազյանը բորբոքվեց. «Իսկ լեզվավաճառությունն ավելի վատ է, քան մարմնավաճառությունը: Դարձրիք եսիմ ինչ. հայ, եսիմ ինչ կառավարություն: Սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է: Պարոն Բագրատյան, բարի եղեք, մինչև վերջ կարդացեք օրենքը: Կարդացեք էդ անտերը: Ձեր ասածով` այսինքն հեչ բան չստանա՞ այս երկիրը: Այսինք՝ այդ մտածողությունը խո՞րթ է ձեզ, այսինքն, ըստ ձեզ, ո՞նց կլինի` այս երկրի համար վճարե՞ն: Ասում եմ` բարի լինեիք, գայիք հանձնաժողովի նիստին: Հերիք է մեզ խորհուրդներ ու դասեր տաք: Ես ժամը 10 անց 20-ից ստեղ եմ»,- նեղսրտեց նա:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին հանդարտության կոչեր հնչեցնելով, փորձեց հանգստացնել ոչ միայն Վարդան Այվազյանին, ով փորձում էր Այվազյանի հետ լեզվակռվի մեջ մտնել. «Պարոն Բագրատյան, պարոն Այվազյանը ձեզ հանգիստ և ուշադիր լսում էր»,- հայտարարեց նա:
Մինչդեռ Վարդան Այվազյանի վրդովմունքն էլ ավելի բարձրացավ: «4 կողմից զաբորը խփենք` ո՛չ գան, ո՛չ գնան, այդ տրանզիտը կգա պոզով-պոչով կուտի: Է, կարդացեք օրենքը, միայն ինձ համար չի էդ տառաճանաչությունը… Դուք որ խոսում էիք, պարոն Բագրատյան, ես ձեզ շատ ուշադիր ռադիոյով լսում էի»:
Նա նշեց նաև, որ Հրանտ Բագրատյանն ու մյուս ընդդիմադիրներն ամեն ինչ անում են, որ մարդիկ հիասթափվեն ու երկիրը լքեն. «Շատ լավ օրենք է. քլունգն առել եք, ընկել եք հետևից: Արտագնա աշխատանքի գնացողի իրավունքների որևէ սահմանափակում այստեղ չկա: Հավատալով հայի մտածողությանը` ես և ՀՀԿ խմբակցությունը կողմ ենք քվեարկելու»,- հայտարարեց նա: