05/05/2015 20:32
Փաստաբան Արշավիր Խալափյանը դատապարտվեց 11 ամսվա ազատազրկման
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, այսօր հրապարակել է փաստաբան Արշավիր Խալափյանի գործով դատավճիռը:
Դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով՝ առևտրային կաշառք ստանալը՝ (1-ին դրվագով), և նրան արդարացրել` ապացույցների անբավարարության (հանցագործությանն ամբաստանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու) հիմքով:
ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով Արշավիր Խալափյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 1 տարվա ազատազրկման:
Նշանակված պատժին հաշվակցվել է Արշավիր Խալափյանի կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը` 2014 թվականի օգոստոսի 2-ից մինչև օգոստոսի 6-ը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 11 ամիս 26 օր ժամկետով:
Ա. Խալափյանի փաստաբան Համլետ Դավթյանը Aysor.am-ի թղթակցին հայտնեց, որ իրենք դատավճիռը ստանալուն պես անպայման բողոքարկելու են դատավճիռը, քանի որ մյուս դրվագով ևս Ա. Խալափյանը մեղավոր չէ:
Ըստ Արշավիր Խալափյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, հանդիսանալով ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, ստանձնելով Սյունիքի մարզի, Սյունիք համայնքի բնակիչներ Հ.Մարգարյանի ու Է Կարապետյանի շահերի պաշտպանությունը, վերջիններիս ենթադրյալ իրավունքների խախտման կապակցությամբ հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին` համայնքի «Հին գերեզմաններ» կոչվող վայրում համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանի գերեզմանատեղեր ապօրինի հատկացնելու վերաբերյալ, որի հիման վրա հարուցվել է 41101714 քր գործը:
Այնուհետև նշված քր. գործի նախաքննության ընթացքում` 2014թ-ի մարտին, Կապանի «Դարիստ» հյուրանոցային համալիրում հանդիպել է Ս.Սարգսյանի որդուն` Սարմեն Սարգսյանին և ի վնաս նրա հոր գործողություններ չկատարելու` նոր բողոքներ չներկայացնելու, ինչպես նաև իր վստահորդներին մոլորության մեջ գցելու եղանակով, նախկինում ներկայացված դիմումների ելքերով վերջիններիս կողմից չհետաքրքրվելու պայմանով, Սարմեն Սարգսյանից ապօրինի պահանջել է 10.000 ԱՄՆ դոլլար:
Բացի այդ, Արշավիր Խալափյանը 07-04-2014թ նախ որպես Կապան քաղաքի Ռ.Մինասյան փողոցի 17շենքի բնակիչ գրավոր դիմել է Կապանի քաղաքապետարան` Աշոտ Կույումջյանի կողմից նշված հասցեին հարակից տարածքում ապօրինի շինարարություն կատարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, իսկ 18-04-2014թ-ին որպես ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ Սյունիքի մազային մասնաճյուղի նախագահ և Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, դարձյալ նույն նպատակով` հերթական դիմումն է ներկայացրել քաղաքապետարան, որից հետո 2014թ-ի մայիսի 1-ին վերոհիշյալ հյուրանոցային համալիրի թիվ 210 սենյակում հանդիպել է Ա. Կույումջյանին ու իր կողմից ներկայացված դիմումների ընացքի վերաբերյալ գործողություններ չկատարելու, այն է հետևողականություն չցուցաբերելու, նոր դիմումներիի չներկայացնելու, ավելի խիստ վարչական պատասխանատվության ենթարկվելու համար խնդիրներ չառաջացնելու, դարձյալ հանդես գալով որպես փաստաբան և հիշյալ կառուցների մարզային ներկայացուցիչ` Աշոտ Կույումջյանից որպես կաշառք ապօրինի պահանջել է 1500 ԱՄՆ դոլլար:
Արշավիր Խալափյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: