06/05/2015 13:15
Խուլիգանություն, աֆյորա, արժանապատվություն. ԱԺ-ն՝ այսօր
Այսօր ԱԺ-ն քվերակության դրեց Եկամտահարկի մասին և Շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը: Մինչ քվերակությունը վարման կարգով խոսքի իրավունք խնդրեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ում համոզմամբ՝ օրենքը հակասում է ոչ միայն Հայաստանի օրենքներին, այլև՝ ԵՏՄ պայմանագրին:
«Սա խուլիգանություն է, որը կնպաստի արտագաղթին: Այստեղ ոչ միայն Եվրոպան չկա, այլև՝ ԵՏՄ: Առաջարկում եմ չանել այս բանը: Կփոշմանե՛ք»,- հայտարարեց նա:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ իր հերթին հավելեց, որ երեկ քննարկումները բավականի բուռն անցան:
Նա նշեց, որ ԲՀԿ-ի կողմից եղան բավականին լուրջ հարցադրումներ, սակայն կառավարությունն այդպես էլ չկարողացավ պարզաբանել, թե օրենքի կիրառման ինչ ռիսկերի մասին է խոսքը, ինչ խավերի մասին և քանի աշխատողի մասին է նշվում և պետբյուջե որքան գումար կներմուծվի:
«Եթե կառավարությունը երկրորդ ընթերցմամբ բերի այդ հարցերի պատասխանները, մենք միանշանակ կողմ կլինենք, բայց այս պահին ձեռնպահ ենք քվեարկում»,- հայտարարեց պատգամավորը:
Ելույթ ունեցավ նաև ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով չգիտես ինչու, հիշեց Գալուստ Սահակյանի հանդիպումների ու հայ-վրացական հանդիպումների մասին: Նա խոսեց իր մտահոգությունների մասին և նշեց, որ ցանկանում է Գալուստ Սահակյանից լսել հայ-վրացական հարաբերությունների որոշակի մանրամասների մասին:
«Պատրաստ ենք անգամ հանդիպել վրացական պատգամավորների հետ»,- հայտարարեց նա:
«Որևէ բան չի պատահել: քվերակություն»,- միջամտեց ԱԺ նախագահը, սակայն ձայնի իրավունք խնդրեցին նաև մյուս պատգամավորները:
ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով նախագծին, հայտարարեց, որ կառավարությունը անարգանքի է ենթարկում խորհրդարանը:
«Սա աֆյորա է, որը վերջին օրը բերել են ու ներկայացրել խորհրդարան, որպեսզի թույլ չտան նորմալ քննարկել: Եթե արժանապատվություն ունեք, ապա դեմ քվերակեք»,- ասաց պատգամավորը, որի հայտարարությունը դուր չեկավ մյուսներին:
«Արժանապատվությունից քիչ խոսեք»,- միջամտեց Գալուստ Սահակյանը:
Իսկ ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, թե իրականում այս նախագիծը վատը չէ: «Հակառակը, շատ լավն է: Պարզապես պետք է բոլոր թերությունները վերացնել երկրորդ ընթերցման ժամանակ: Պետք է զարգացնենք այս նախագիծը, ոչ թե կտրուկ մերժենք»,- նախատեց նա:
«Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ իր ներկայացրած խմբակցությունը դեմ է այս նախագծին: «Ես ուզում եմ արձանագրել այն փաստը, որ սա ևս դասվում է ավանդական ձախողված նախագծերի շարքին: Սա լուրջ նախագիծ է, և հընթացս չպետք է նման կարևորգաւյն հարցերը քննարկվեն: «Ժառանգությունը» դեմ կքվեարկի»,- ասաց խմբակցության ղեկավարը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին, դժգոհելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունից, ասաց.
«Այն, որ նախագիծը հանրությանը բացարձակապես սխալ է ներկայացվել, դա պարզ է, բայց այստեղ խորհրդարանն էլ իր մեղքն ունի: Ես խորհուրդ եմ տալիս, քաղաքական ուժրի որոշ ներկայացուցիներին գնահատականներ չտալ այն ուժերին, ովքեր առաջնորդվում են սեփական գաղափարներով և խոսեն արժանապատվությունից: Եթե այլ կերպ են հասկացել կամ հասկանում, դա չի նշանակում, որ պետք է մոլորեցնեն հանրությանն ու տապալեն նածագիծը: Պետք չէ հանրության առաջ էժանագին խաղեր խաղալ»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Լևոն Զուրաբյանի հայտարարությունը դուր չէր եկել հատկապես հիմնական զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանին, ով հայտարարեց, որ ամեն մեկն արժանապատվության կոչեր հնչեցնելու առաջ, պետք է մտածի սեփական արժանապատվության մասին:
ՀՀԿ խմբակցության ա նունից ելույթ ունեցավ նաև Վահրամ Բաղդասարյանը, ով հորդորեց ընդդիմադիր պատգամավորներին օրենքը չտապալել սեփական ամբիցիաների պատճառով: «ՀՀԿ-ն օրենքի նախագծին կողմ կքվեարկի, քանի որ գտնում է, որ այն ճիշտ լուծում է»,- հայտարարեց նա:
Օրենքն ընդունվեց 65 կողմ, 16, դեմ, 21 ձեռնպահ ձեայների հարաբերակցությամբ: