06/05/2015 16:03
Խախտումներ եղել են, բայց դրանք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա․ Գ․ Բաղդասարյան
«Արցախում ընտրությունները լինում են ազատ, բայց ոչ արդար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը: Ըստ Բաղդասարյանի՝ եղել են խախտումներ սակայն, խախտումները այնպիսի չափերի չեն հասել, որ ընտրությունների արդյունքների վրա էևական ազդեցություն ունենան:
Ամեն դեպքում Բաղդասարյանը կարծում է, որ չնայած ընտրարշավի մեկ ամսում քաղաքական բոլոր ուժերը հավասար հնարավորություններ ունեն, բայց մնացած ամիսներին նույնը ասել հնարավոր չէ:
«Հինգ տարվա կտրվածքով, եթե դիտարկենք, ապա չորս տարի տասնմեկ ամիս մեկ այլ վիճակ է, մեկ ամսում միանգամայն այլ վիճակ՝ երբ բոլոր քաղաքական ուժերը հավասար հնարավորություններ են ունենում»,- նշեց Բաղդասարյանը:
Ներկայացնելով ընտրությունների արդյունքում ստեղծված պատկերը՝ Բաղդասարյանը նշեց, որ միայն մեկ ընդդիմադիր ուժ՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության Հայկ Խանումյանի առաջնորդությամբ ստացավ մանդատ: Իսկ «Շարժում 88» կուսակցության մասին խոսելով, Բաղդասարյանը նշեց, որ Արցախում այն ավելի շատ ընկալվում է որպես կառուցողական ընդդիմություն, այն ավելի շատ ոչ իշխանական կուսակցություն է: