06/05/2015 12:45
Ամիսներ անց Խաչարձանի դպրոցականները բարեկարգ դպրոց կունենան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արտո և Հիլդա Կալչիյաններն այս անգամ հովանավորել են Հայաստանի Տավուշի մարզի Խաչարձան գյուղի դպրոցի վերակառուցումը:
2014թ. ամռանը գյուղում իրենց միջոցներով կառուցված բուժկետի ու բազմաֆունկցիոնալ սրահի բացման ժամանակ պարոն Կալչիյանը ստանձնեց նաև գյուղի դպրոցի վերակառուցումը: Այս մասին հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
Վերակառուցման և վերահատակագծման արդյունքում դպրոցը ձեռք է բերել ճաշարան, ունի նոր տանիք, դռներ ու պատուհաններ: Ընթացքում են ներքին հարդարման աշխատանքները. դասասենյակներում հատակները պատվում են վինիլով, իսկ մնացած տարածքներում` խտացված գրանիտե սալիկներով: Շենքը կապահովվի գազամատակարարմամբ և ջեռուցման համակարգով: Շնորհիվ նորոգման և կահավորման` ընթացիկ տարվա սեպտեմբերին դպրոցը նորովի կդիմավորի աշակերտներին: Հիմնադրամի «Համակարգչային դասասենյակների Տավուշի մարզի 72 դպրոցներին» ծրագրով էլ 2012 թ-ին համարգչային տեխնիկա ու համապատասխան գույք է նվիրաբերվել կրթօջախին:
«Կալչիյան ընտանիքը համայնքի մշտական բարեկամն ու բարերարն է,- ասում է Խաչարձանի գյուղապետ Գագիկ Շահնազարյանը,- գյուղին կարևոր կառույցներ նվիրելուց բացի, ամուսինները գյուղացիներին նաև ֆինանսական աջակցություն են ցուցաբերում.100.000-ական դրամ օժանդակություն են ստանում գյուղի նորածին ունեցող ընտանիքները, նախորդ տարի բարերարները մեր 65 դպրոցականներին պայուսակներ ու գրենական պիտույքներ նվիրեցին»:
Բարերար ընտանիքը նաև մեծապես հետաքրքրված է գյուղում խթանելու մեղվաբուծությունը:
Սահմանամերձ այս համայնքը շուրջ 480 բնակիչ ունի, որոնցից մի մասը Ադրբեջանից գաղթածներ են: