06/05/2015 14:27
Գործակալը քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ կնքել է շուրջ 130 ապահովագրական պայմանագիր և գումարը յուրացրել
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել անհատ ձեռնարկատեր Գ.Հովհաննիսյանին՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ ապահովագրական պայմանագրեր կնքելու արդյունքում գոյացած գումարները յուրացնելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական բաժնից:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ անհատ ձեռնարկատեր Գ. Հովհաննիսյանը 2014 թվականի հունիսի 11-ին ապահովագրական ընկերություններից մեկի հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին աշխատանքային պայմանագիր:
Ստանձնելով գործակալի պարտականությունները՝ անհատ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ նա կնքել է շուրջ 130 ապահովագրական պայմանագիր, սակայն գործարքներից ստացված գումարները, քննության տվյալներով, չի փոխանցել ընկերության ֆոնդին եւ յուրացրել։
Գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Գ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: