06/05/2015 11:59
Գ. Դանիելյան. Արտագնա աշխատանքների մեկնած քաղաքացիների համար եկամտային հարկ սահմանելը վիճահարույց է
Արտագնա աշխատանքների մեկնած քաղաքացիների համար եկամտային հարկ սահմանելը, մեղմ ասած, վիճահարույց է: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՍԴ նախագահի խորհրդական Գևորգ Դանիելյանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ չի կիսում սոցիալական ցանցերում անհարկի տարածված այն թյուր մեկնաբանությունը, թե իբր այսուհետ անվերապահորեն կհարկվեն բոլոր արտագնա աշխատանքի մեկնողները.
«Խնդիրն այլ հարթության վրա է: Մասնավորապես, որո՞նք են նախաձեռնողների փաստարկները. շինարարությամբ զբաղված արտագնա աշխատողները կազատվեն ՌԴ-ում հարկերից, փոխարենը Հայաստանում կվճարեն կիսով չափ նվազ հարկ՝ 13 տոկոս, իսկ պայմանն այն է, որ արտագնա աշխատողը նախապես գրանցվում է ՀՀ համապատասխան գործատուի մոտ: Արտաքուստ գրավիչ նախաձեռնություն է:
Կաբինետային պայմաններում կարելի է անգամ ակնկալել, որ ՌԴ-ի ռեգիստրի պետական պալատում գրանցված շինարարական կազմակերպություններն արագ կվերագրանցվեն ՀՀ-ում, որպեսզի հայտնվեն արտոնյալ կարգավիճակում, իսկ արտագնա աշխատանքների մեկնած աշխատողներն էլ կխզեն պայմանագրերը և նոր պայմանագրեր կկնքեն վերագրանցված կազմակերպությունների հետ:
Իսկ հիմա արտակաբինետային մի շարք հարցադրումներ՝
ա) ՌԴ-ի իրավասու մարմինները հանգիստ հետևելո՞ւ են միակողմանի նախաձեռնած քայլերին և ոչինչ չե՞ն ձեռնարկելու, որպեսզի պաշտպանեն իրենց հանրային շահերը,
բ) վստահ ե՞ք, որ միայն եկամտային հարկի գործոնը բավարար է լինելու, որպեսզի տեղի ունենա կազմակերպությունների վերագրանցման գործընթաց,
գ) ՀՀ-ում գրանցված կազմակերպությունները կկարողանա՞ն տենդերներ շահել ՌԴ-ում (չմոռանանք, որ Սոչիի օլիմիպիադայի լայնածավալ աշխատանքներն ավարտվել են, և իրավիճակը կտրուկ փոխվել է) և հավաքագրել արտագնա աշխատողների,
դ) կառավարության հավանությանն արժանացած ծրագրեր իրականացնող կազմակերպությունների համար ակնհայտ նվազ շահութահարկ՝ 5 տոկոս, սահմանելը որքանո՞վ է համահունչ մրցակցության սկզբունքին (հարկային արտոնություններ կարող են սահմանվել միայն օրենքով և այնպիսիք, որպիսիք աղերսներ չեն ունենա մրցակցության սկզբունքի հետ) և այլն:
Մնում է հուսալ, որ ՌԴ-ում լիակատար անտարբերությամբ ու հանգիստ կվերաբերվեն»,- մասնավորապես գրառել է Գ.Դանիելյանը: