06/05/2015 15:52
Ո՞ւմ է հարկում կառավարությունը. Պարզ՝ խոպանչու, եկամտահարկի ու նոր օրենքի մասին
Դատելով եկամտային հարկի և շահութահարկի մասին օրենքներում կառավարության առաջարկած փոփոխություններից, գործադիրը մտադիր է շինարարության ոլորտում արտագնա գրանցված աշխատանք կատարող վարձու աշխատողների վճարած հարկերը բերել Հայաստանի պետական բյուջե։ Որքանով դա կստացվի, ցույց կտա ժամանակը։
Սա ըստ էության նոր խնդիր չէ։ Այդ մասին խոսվել է տարիներ շարունակ, սակայն կոնկրետ քայլեր չեն իրականացվել։ Այժմ կառավարությունը փորձում է դրան ինչ-որ լուծում տալ։ Առավել ևս, որ նոր տնտեսական միության տարածքում դրա համար պայմանները կարծես ավելի բարենպաստ են դարձել։
Կառավարությունն առաջարկում է մեխանիզմ, որպեսզի արտերկրում գրանցված վարձու աշխատողների եկամուտները հարկվեն Հայաստանում, այն էլ 13 տոկոս դրույքաչափով։ Առաջին հայացքից տպավորություն է ստեղծվում, թե դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է այդ քաղաքացիների վրա։ Իրականում առաջարկվող փոփոխությունը բոլորովին նման խնդիր չի առաջացնում։
Արտերկրում օրինական գրանցում ստացած վարձու աշխատողներն այսպես, թե այնպես վճարում են եկամտահարկ։ Այն Ռուսաստանում կազմում է 13 տոկոս։ Ներկայացված նախաձեռնությունն ընդամենը ենթադրում է, որ այդ գումարները պետք է գնան ոչ թե տվյալ երկրի, այլ Հայաստանի պետական բյուջե։
Նպատակն անշուշտ վատ չէ։ Այլ հարց է, թե դրան որքանով կհամաձայնի Ռուսաստանը կամ որևէ այլ երկիր, որի հետ Հայաստանն ունի կրկնակի հարկումը բացառելու ռեժիմ։ Ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը հանդես է եկել նման նախաձեռնությամբ, կարելի է ենթադրել, որ հարցը առնվազն ռուսական կողմի հետ համաձայնեցված է։
Այս փուլում սակայն այնքան էլ պարզ չէ օրենսդրական նախաձեռնության ֆինանսական արդյունքը։ Կառավարությունը նման հարշվարկներ չի ներկայացնել։ Թեև դատելով ստացվող տրանսֆերտային հոսքերի ծավալներից՝ կարելի է ենթադրել, որ ամբողջ դաշտը ընդգրկելու դեպքում խոսքը կարող է գնալ բավական լուրջ գումարների մասին։ Իհարկե, սկզբնական շրջանում միամտություն կլինի այդպիսկ ակնկալիքներ ունենալը։ Հատկապես որ, շատ բան կախված է ոչ այնքան օրենքի գործողությունից, որքան քաղաքացիների պատրաստակամությունից։
Օրենքը չի սահմանում պարտադիր բաղադրիչ արտերկրում օրինական գրանցում ունեցող վարձու աշխատողների համար։ Մի բան, ինչը նշանակում է, որ նրանք սեփական ցանկությամբ կարող են որոշել գրանցվել հայաստանյան, թե՞ արտերկրի գործատուների մոտ։
Եկամտահարկի հետ միասին կառավարությունը նախաձեռնել է նաև շահութահարկի որոշ դրույքների վերանայում։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը ենթադրում է նաև արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում պետական գնումների շրջանակներում իրականացվող մրցույթներին հայկական ընկերությունների մրցակցային պայմանների բարելավում։ Ինչպես հայտնի է, նոր տնտեսական տարածքում տնտեսավարողներն ազատ են մասնակցելու ցանկացած անդամ երկրի պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին։