06/05/2015 12:34
Ճոյտը՝ 169 մլն վճարելու մասին. Վճարել ենք, որ հետո որևէ խնդիր չլինի
ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը պատրաստվում է նոր, կրոնական բնույթի ֆիլմ նկարահանել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց Հ. Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ֆիլմի գաղափարը ծնվել է կալանավայրում, և այնտեղ էլ արդեն մշակվել է սյուժեն, որը քննարկվում է աստվածաբանների և մասնագետների հետ:
Հարցին՝ Հայոց ցեղասպանության ֆիլմը չի՞ համարում իր կալանավորման պատճառը նա պատասխանեց. «Ոչ, ես եմ արգելել ֆիլմի ցուցադրությունը, սառեցնել բիզնեսների գործունեությունը այդ ընթացքում»:
Դիտարկմանը, թե խոսակցություններ էին շրջանառվում, որ ինքը այդ գումարը վճարելու համար ունեցվածքն է վաճառում, նա պատասխանեց, որ նման բան երբեք չի եղել:
Ինչ վերաբերում է փաստաբան Կարեն Սարդարյանի ասածին, թե մոտ 80 մլն դրամ փոխհատուցում կա, բայց ինքը վճարել է 169 մլն դրամ, ո՞րն է դրա պատճառը, Հ. Հակոբյանը ասաց, որ դա եղել է հաշվապահի սխալը, որն էլ ապացուցվել է և ինքը վճարել է իրենից պահանջվող գումարը՝ հետագայում որևէ խնդիր չունենալու համար:
Հարցին՝ կալանավայրում իրեն հատուկ վերաբերմունք ցուցաբերվե՞լ է, մասնավորապես, հատուկ իր համար զսպանակավոր մահճակալ են բերել, նա պատասխանեց, որ նման բան, իրոք եղել է, քանի որ իր քաշը ավելի քան 140 կգ է և իրեն այլ մահճակալ էր անհրաժեշտ, բայց դա խցում չի ստացվել տեղավորել:
Անդրադառնալով կալանավայրից մնացած հուշերին՝ նա ասաց. «Այնտեղ մեկ օրում կարող ես հարյուր տարվա ծանոթ դառնալ, ուրիշ աշխարհ է, շատ կան հետաքրքիր մարդիկ»:
Հարցին՝ ո՞ւմ կառանձնացներ իր հետ նույն խցում գտնվողներին և ինչպես է ստացվել նույն խցում գտնվող Գարեգին Չուգասզյանի հետ շփումը, նա ասաց, որ բոլորի հետ էլ նորմալ հարաբերություններ են եղել, ու թեև Գ. Չուգասզյանի հետ նույն հայացքները չեն կիսում, բայց նա հրաշալի անձնավորություն է և ազատության մեջ հայտնվելուց հետո արդեն 4-5 անգամ խոսել են իրար հետ:
Հ. Հակոբյանը ասաց, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում և անհրաժեշտ բուժումն է ստանում, իր հանդեպ բժիշկների վերաբերմունքից գոհ է, օրական 4-5 անգամ այցելել են իրեն: