06/05/2015 11:41
Հ. Սահակյան. Կցանկանայի հորդորել նախարարին, որպեսզի ԱԺ-ին վերաբերող հարցերի շուրջ ավելի չեզոք լինի
«Ժառանագություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով առաջարկում է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարել: Փոփոխությունը միտված է նրան, որպեսզի պատգամավորներին հնարավորություն ընձեռվի քառօրյա նիստերի ամեն չորեքշաբթի օրը տեղի ունեցող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը և ոչ թե գրավորները, ինչպես դա արվում է այսօր: Ըստ Թ.Պողոսյանի՝ երբեմն գրավոր հարցերն այնքան շատ են լինում, որ հերթագրված պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից:
Կառավարությունը, հիշեցնենք, ի դեմս վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարեց, որ դա Ազգային Ժողովին որոշելիք խնդիրն է և պետք չէ օրինագծին բացասական եզրակացություն տալ:
Aysor.am-ի հետ զրույցում ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ նախագիծը հանձնաժողովում դեռ չի քննարկվել, այնպես որ ամբողջական ետսակետը այս պահին ներկայացնել չի կարող, բայց և հորդորեց խնդիրը մի փոքր ավելի խորքային դիտարկել: Նախ, Հ.Սահակյանը հիշեցրեց, թե որտեղից է առաջացել այս խնդիրը.
«Ընդառաջ գնալով մեր ընդդիմադիր գործընկերներին օրենքում փոփոխություն կատարվեց և այդպիսով թույլ տվեցինք, որ յուրաքանչյուր ընդդիմադիր խմբակցությունից 3-ական պատգամավոր հարցուպատասխանի նիստի սկզբում իրենց հարցերը հնչեցնեն, որից հետո միայն բանավոր հարցերը կլինեն: Երբ այս փոփոխությունը կատարվեց, ԱԺ-ում երեք իշխանական խմբակցություն և ընդդիմադիր երկու խմբակցություն գոյություն ուներ և ըստ էության թե ընդդիմադիրները, թե կոալիցիոն խմբակցությունները կարողանում էին իրենց հարցադրումները հնչեցնել: Բայց այսօր իրավիճակը այլ է»,- նշեց Հ.Սահակյանը: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ընդդիմադիր-իշխանական խմբակցությունների հարաբերակցությունն ԱԺ-ում այսօր հայտնի է՝ մեկ իշխանական խմբակցություն ՝ ի դեմս ՀՀԿ-ի և հինգ ընդդիմադիր խմբակցություններ են գործում, որոնք էլ , օգտվելով օրենքով սահմանված լիազորությունից, գրեթե ողջ ժամանակը նիստի զբաղեցնում են և իշխանական պատգամավորները զրկվում են իրենց հարց տալու իրավունքն իրացնելուց.
«Դրա համար պատգամավորները, որոնք հերթագրվում են և չեն կարողանում իրենց հարցադրումներով հանդես գալ, դիմում են գրավոր եղանակին: Այդ իսկ պատճառով ես կարևորում եմ փոփոխության անհրաժեշտությունը, որը կապահովի հավասար պայմաններ»,- ասաց Հ.Սահակյանը ՝շեշտելով, որ այդպես նաև ճիշտ է ժողովրդավարության հաստատման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է Կառավարության արձագանքին, ապա ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ գործադիրը ԱԺ-ի կանոնակարգ օրենքին վերաբերող հարցերում կարծես թե մշտապես իր չեզոքությունը պահել է, որովհետև խորհրդարանին իրականում ավելի տեսանելի է, թե ինչպես պետք է կազմակերպի աշխատանքային գործընթացները: Հիշատակելով այն հանգամանքը, որ Արդարադատության նախարարը օրինագծին բացասական եզրակացություն էր ներկայացրել, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը հորդորեց հենց ԱԺ-ին վերապահել նմանատիպ հարցերի լուծումները Հ.Սահակյանը հավելեց.
«Եվ այս տեսակետից ելնելով ես կցանկանայի հորդորել նախարարին, որպեսզի այս և նմանատիպ հարցերի շուրջ ավելի չեզոք լինի»:
Հիշեցնենք, որ Կառավարության նիստից հետո փոփոխությունն առաջարկող Թևան Պողոսյանը Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն էր կատարել.
«Այն, ինչ արեց այսօր վարչապետը կառավարության նիստում իմ օրենսդրական նախաձեռնության մասին հարցի քննարկման ժամանակ, ինձ համար առավել քան հաճելի էր: Կառավարության նիստին արդեն ներկայացված բացասական որոշման դեմ արտահայտվելով՝ Հովիկ Աբրահամյանը ցույց տվեց, թե որքան լավ է պատկերացնում խորհրդարանական հարթակի կարևորությունը, ավելին՝ շեշտեց, որ «դա նաև հարթակ է, հնարավորություն, որպեսզի կառավարության անդամն իր դիրքորոշումը ներկայացնի և խորհրդարանին»: Շնորհակալ եմ, պարո՛ն վարչապետ: Հույս ունեմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի գործադիրի ղեկավարի խորհրդին, և մենք իսկապես կկարողանանք նոր մոտեցում ցուցաբերել ԱԺ-ում կանոնակարգային նման հարցերը սեփական որոշմամբ առաջ տանելու հարցում»: