06/05/2015 14:18
ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները սպասելի էին. Քաղաքագետ
«ԼՂՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ միջազգային արձագանքները սպասելի էին»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ խոսելով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների և դրանց միջազգային արձագանքների մասին:
Ա. Մանասյանը շեշտեց, որ բացասական է արձագանքել է Ուկրաինան, ինչը կարելի է հասկանալ Ուկրաինայում տիրող ներքին սուր իրավիճակի պատճառով:
Քաղաքագետի կարծիքով՝ այն պետությունները, որոնք լուռ են մնացել, կարելի է համարել, որ դրական են վերաբերվել ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրություններին:
Ա. Մանասյանի համար անհասկանալի է ԱՄՆ-ի արձագանքը՝ անհայտ է, կո՞ղմ են, թե՞ դեմ. «Իսկ եվրոպական գործընկերները նախկինի պես Արցախին չեն մեղադրում Հայաստանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու համար»:
Բանախոսի կարծիքով՝ Արցախի ընտրությունները հաստատեցին, որ Արցախի ժողովուրդը պատասխանատու կերպով է վերաբերվում անկախության տարիներին ձեռք բերած քաղաքական արժեքների պահպանման խնդրին:
«Թերություններ միշտ կան, հարցն այն է՝ այդ թերությունները կարող են արդյունքների վրա ազդել, թե ոչ»,- ասաց նա: