06/05/2015 16:14
Հարկերի մասով՝ Հայաստանը ԵՏՄ անդամակցությունից հետո դեռ որևէ պարտավորություն չունի. Միրումյան
Մեր առաջարկած սահմանված 5 տոկոսը լուրջ խթան է: Այս նախագծով մենք նվազեցում ենք նաև եկամտահարկի դրույքաչափը, ինչը ևս լուրջ խթան է, որպեսզի այդ օտարերկրյա կազմակերպությունները գան և գրանցվեն Հայաստանում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքով՝ այդ կազմակերպություններն այսպես, թե այնպես ձևակերպում են իրենց վարձու աշխատողներին և այդ շահութահարկն ուղղակի վճարում են այլ երկրներին:
Լրագրողի հարցին՝ այդ ամենը համաձայնեցվե՞լ է ՌԴ-ի հետ, Միրումյանն արձագանքեց. «Ի՞նչ կարիք կա: Յուրաքանչյուր երկիր գործում է իր իրավապայմանագրային սահմաններում: Իսկ ՀՀ-ն որևէ սահմանափակումներ չունի եկամտահարկ կամ շահութահարկ սահմանելու հարցում: Հայաստանը կարող է որոշում կայացնել, շահութահարկի դրույքաչափը սահմանել երկու տոկոս: Դա Հայաստանի որշումն է: ԵՏՄ անդամակցության հարցով և ուղղակի հարկերի մասով, կամ դրույքաչափերի ներդաշնակեցմամբ, և դրանց չփոփոխելու հետ կապված՝ Հայաստանը դեռևս որևէ պարտավորություն չունի»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ կառավարության կողմից ներկայացված եկամտահարկի մասին նախագիծը որևէ կերպ ԵՏՄ անդամակցությանը չի հակասում կամ խանգարում:
Լրագրողի հարցին՝ սա խնդիրներ չի՞ առաջացնի, Միրումյանը պատասխանեց՝ ոչ: «Մեր խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծվի այնպիսի դաշտ, որպեսզի այդ կազմակերպությունները շահագրգռված լինեն այստեղ ևս գրանցվելու: Թե որ երկրից գումարներ կգան Հայաստան, որտեղից չեն գա՝ դա արդեն հարցի մյուս կողմն է: Կրկնում եմ, որ Կառավարությունն առաջարկում է խթանել ձեռնարկությունների նեգրավումը Հայաստանում և աշխատուժի գրանցումը հենց Հայաստանում: Այստեղ որևէ խութ կամ հարկային թաքստոց չկա: Իսկ Հայաստանում հարկը վճարելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ կազմակերպությունը գա և գրանցվի նաև Հայաստանում, որպեսզի Հայաստանում գրանցված կազմակերպությունը ծառայություններ մատուցի այդ կազմակերպություններին»,- բացատրեց նա:
Հարցին՝ արդյոք սա պարտադրա՞նք չէ, Միրումյանը արձագանքեց՝ ոչ: Նրա խոսքով՝ այստեղ պարտադրանքի որևէ խնդիր չկա և նույնը կարելի է ասել նաև Հայաստանի պարագայում. «Որևէ երկիր չի կարող ասել, թե Հայաստանն ինչու է ստեղծում բարենպաստ պայմաններ, որպեսզի կազմակերպությունները գան ու Հայաստանում գրանցվեն»:
Ինչ վերաբերում է աշխատուժին, ապա այսօր աշխատուժն այսպես, թե այնպես հարկվում է և դա լինում է այն երկրում, որտեղ նա համարվում է վարձու աշխատող: Եթե կոնկրետ վերաբերում է ՌԴ-ին, ապա այս պարագայում, երբ ՀՀ քաղաքացիները ձևակերպվում են որպես վարձու աշխատողներ, նրանց հարկում են ՌԴ օրենքներով, այն է՝ 13 տոկոս դրույքաչափով: ԵՏՄ պայմանագրի համաձայն՝ ԵՏՄ անդամ պետության քաղաքացին, վարձով աշխատանքի է անցնում մյուս երկրում, հաջորդ օրը նրան հարկում են այդ երկրի օրենսդրության համարձայն: Տվյալ պարագայում, ունենալով 13 կամ 23 տոկոս դրույքաչափ, այդ կազմակերպությունը Հայաստանում չի գրանցվի»,- մանրամանսեց փոխնախարարը՝ ընդգծելով, որ ստացվում է, որ այդ աշխատողները միևնույն ժամանակ ազատվում են նաև հարկային բեռից:
«Հարկային բեռի տակ ընկնելու խնդիր չկա: Սա բացարձակապես չի առնչվում արտագնա աշխատանքը հարկելուն: Մենք առաջարկում ենք նոր խթան: Կօգտվեն այդ հնարավորությունից՝ շատ ավելի լավ, չեն օգտվի՝ թող հարկվեն այն երկրում, որտեղ աշխատում են և շարունաեն աշխատել այնպես, ինչպես նախկինում»,- ասաց նա: