06/05/2015 11:33
Գոհար Ենոքյանի հարցով Գլխավոր դատախազությունը դեռ լռում է
Գոհար Ենոքյանի հարցով Գլխավոր դատախազությունից դեռ պատասխան չունենք: Այս մասին Aysor.am-ին հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալոց իրենց կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն նախօրեին ներկայացրած միջնորդագրի վերաբերյալ արձագանքին: Պատգամավորը նշեց նաև, որ առաջիկա ժամերի ընթացքում պատասխանը կստանան, քանի որ հետևողական են այս հարցում:
Հիշեցնենք նախօրեին Նաիրա Զոհրաբյանը Ազգային Ժողովում հայտարարեց Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար նախաձեռնած ստորագրահավաքի մասին, հորդորելով գործընկեր պատգամավորներին միանալ այդ ստորագրահավաքին: Ավելի ուշ Aysor.am-ի հետ զրույցում տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ 37 ստորագրությամբ միջնորդագիրը, ինչպես նաև Գ.Ենոքյանի առողջական վատ վիճակի մասին փաստող փաստաթղթերի փաթեթը ուղարկվել է ՀՀ Գլխավոր դատախազություն և սպասում են պատասխանի:
Հիշեցնենք նաև, որ այսօր լրանում է Գ.Ենոքյանի ձերբակալման 72 ժամը և իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ: