06/05/2015 15:00
ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ. Ինֆորմացիայի հոսք նաև ոստիկաններից է լինում
Օրենքի հիման վրա իրավասու երկու պետական մարմինների՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ ոստիկանության միջև դիտորդական խմբերում փորձագետներ ներգրավվելու հարցում ընդհանուր կանոնակարգերի տարբերություններ կան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց փաստաբան, հայցվոր Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով Ոստիկանության կողմից դիտորդական խմբի աշխատանքների խոչընդոտներին ու ՀՀ Ոստիկանապետի՝ 2005 թ. այն հրամանին, ըստ որի` փաստաբաններն իրավունք չունեն ընդգրկվել դիտորդական խմբում:
Հիշեցնենք, որ Արթուր Հարությունյանը Ոստիկանապետի հրամանով հեռացվել է դիտորդական խմբից և ներկայումս ՀՀ վարչական դատարանում վիճարկվում է ոստիկանապետի հրամանը:
«Եթե Արդարադատության նախարարությունը նշում է, որ պետք չի բացառել այս կամ այն նորմը, որը խոչընդոտում է դիտորդական խմբի աշխատանքներն, ապա, ի տարբերություն Արդարադատության նախարարության, Ոստիկանության կողմից նման ընդառաջ քայլեր չկեն կատարվում»,- նշեց նա:
Հակադարձելով Ա. Հարությունյանին՝ ՀՀ ոստիկանության հերթապահ ծառայության վարչության պետ Վահրամ Աբրահամյանը մեջբերեց ձերբակալված և կալանավորված անձանց մասին օրենքի 47-րդ հոդվածը և ասաց, որ եթե օրենքի պահանջն են կատարում, նշանակում է՝ խոչընդոտո՞ւմ են:
Նրա կարծիքով, խնդիրը նրանում է, որ փաստաբանները բազմաթիվ առնչություններ են ունենում բազմաթիվ քրեական գործերի հետ, և կարող է որոշակի ինֆորմացիայի արտահոսք լինի, իսկ ձերբակալված անձանց պահման վայրում ինֆորմացիայի ոորոշակի արտահոսքի դեպքում տվյալ անձի կողմից կատարված հանցագործությունը հնարավոր չի լինի բացահայտել:
Ի պատասխան Ա Հարությունյանը նշեց, որ այն տպավորությունն է, որ բոլորին պետք է ձերբակալենք և չի բացառվում, որ ցանկացած անձի կողմից կարող է ինֆորմացիայի արտահոսք լինել, ինչը չհերքեց Վ. Աբրահամյանը.
«Եղել են դեպքեր, որ գործի քննությանը վտանգող տեղեկատվության արտահոսք եղել է հենց ոստիկանության աշխատակցի կողմից»,- ասաց նա: