06/05/2015 14:40
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում է 61 հազար երեխա
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը համահունչ է ՀՀ կառավարության կողմից հաստատված Առողջ ապրելակերպի հայեցակարգին և Երեխաների սնուցման բարելավմանն ուղղված ծրագրերին։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների, արտերկրից հրավիրված մասնագետների հետ ՀՀ առողջապահության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ նման տեսակետ են հայտնել քննարկման մասնակիցները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Ծրագրի գնահատող թիմի կողմից առաջարկվել էր, որպեսզի այն ընդլայնվի և զուգակցվի առողջ ապրելակերպին ուղղված այլ գործոնների հետ»,-նշել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն։
Դեռևս 2010 թվականից ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով Հայաստանում իրականացվում է Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը։ Դրանում ընդգրկված է մարզերի 61 հազար երեխա։
ՀՀ կառավարությունը հաստատել է Կայուն դպրոցական սննդի ռազմավարությունը և ծրագրերը։ Դեռևս անցյալ ուսումնական տարում Կայուն դպրոցական սնունդ ծրագիրը ՊՀԾ-ի կողմից իրականացվում էր բոլոր մարզերում: Այս ուսումնական տարվանից Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերում գործում է Ազգային դպրոցական սնունդ ծրագիրը:ՀՀ կառավարության կողմից 2014 թ. սեպտեմբերի 25-ին հաստատված «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգը և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսվում է մշակել դպրոցներում երեխաների առողջ սնուցման և ֆիզիկական ակտիվության սկզբունքների ներառմամբ առողջությունը խթանող քաղաքականության օրինակելի մոդել` առաջնորդվելով «Առողջ դպրոցների» եվրոպական ցանցում ընդունված մոտեցումներով և գործելակերպով: Յուրաքանչյուր դպրոցի հնարավորություն կտրվի մշակելու սեփական քաղաքականությունը, համաձայն որի դպրոցը կպարտավորվի քայլեր ձեռնարկել` առողջ սնուցմանը և ֆիզիկական ակտիվությանը նպաստող միջավայրի ստեղծման ուղղությամբ:
Սննդակարգի և առողջության փոխկապակցվածությունը հաստատելու, ինչպես նաև բնակչության սննդակարգում ու առողջական վիճակում առկա փոփոխություններն արձանագրելու նպատակով փոխնախարարը դիմել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչներին` ակնկալելով նրանց աջակցությունը 2015թ. ժողովրդագրական հետազոտությունների ժամանակ լրացուցիչ հետազոտություններ ընդգրկելու գործում։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել նախարարությանն աջակցելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են Իսրայելի առողջապահության նախարարության հանրային առողջապահության մասնագետ Հավա Ալթմանը, Իսրայելի գյուղատնտեսության նախարարության մասնագետ Իցիկ Գազիելը, ՄԱԿ-ի ՊՀԾ հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Լիանա Խառատյանը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջապահության բաժնի պետ Հրայր Ասլանյանը, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանը, ՀՀ ԱՆ Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը։