06/05/2015 13:24
Ինչո՞ւ Վահան Բաբայանը չի ստորագրել Գոհար Ենոքյանի միջնորդագիրը
ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը չի միացել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու միջնորդագրի համար նախաձեռնած ստորագրահավաքին: Սակայն ոչ մի սենսացիա այստեղ փնտրել պետք չէ. պատգամավորը զուտ տեխնիկապես չի կարողացել ստորագրել փաստաթղթի տակ, որը նախօրեին երեկոյան արդեն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, բայց այդպես էլ չմանրամասնեց, թե որոնք են այդ տեխնիկական պատճառները:
«Ես անձամբ չեմ կարողացել մասնակցել, բայց դա մարդասիրական քայլ է. տիկին Ենոքյանը 73-ամյա կին է, ով ունի առողջական խնդիրներ և կարծում եմ՝ այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վ. Բաբայանը:
Նրա խոսքով՝ գործը իրավապահ մարմինների տիրույթում է, այնպես որ ճիշտ է այս փուլում զերծ մնալ գնահատականներից:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք, որ Գ.Ենոքյանը կարո՞ղ էր նախապատրաստել այն, ինչի համար իրեն մեղադրում են, Վ.Բաբայանը միայն արձագանքեց, թե չի կարող անհատական կարծիք հայտնել:
«Քանի կա իրավական մոտեցում, մարդկային մոտեցումներն այս հարցում երկրորդական են դառնում»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, Գ.Ենոքյանը կասկածվում է գործընկեր Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու համար: