06/05/2015 16:22
Վ. Այվազյան. Որևէ խոպանչու այս օրենքի փոփոխությունը չի վերաբերվում
«Ցավում եմ, որ մարդիկ խեղաթյուրում են ամբողջ օրենքի իմաստը ու իրականությունը չեն ներկայացնում, թե ինչ է ասում օրենքը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով «Եկամատահարկի մասին» օրենքի շուրջ ծավալված քննարկումներին ու մասնավորապես ընդդիմության քննադատությանը:
Նախևառաջ պատգամավորը շեշտեց՝ որևէ «խոպանչու» այս օրենքի փոփոխությունը չի վերաբերվում, այնպես որ պետք չէ բառախաղի ետևից ընկնել.
«Օրենքն ընդամենը ասում է, որ հարկային այն գործակալը, որը մարդկանց է աշխատանքի տեղավորում ՌԴ-ում ՝ նա եկամտահարկը ՌԴ-ում վճարելու փոխարեն պետք է Հայաստանում վճարի: Եվ սա ԵՏՄ-ի հնարավորություններից մեկն է»,- ասաց պատգամավորը:
Վ. Այվազյանը, անդրադառնալով ընդդիմության քննադատությանը նշեց, որ ընդդիմությունը ուղղակի խանգարում է հայրենիքից հեռու աշխատողների հայրենասիրությանը, և այս ճանապարհով հարկի նոր դրույքաչափը, որ սահմանվել է 13 տոկոս, ռուսաստանյան ֆիզիկական անձանց եկամտահարկի չափով է սահմանվում.
«Ստացվում է, որ մենք ասում ենք թող արտերկրում աշխատող հայը հայրենասիրական մոտեցում ցուցաբերի ու հարկը հայաստանյան բյուջեին վճարի, իսկ մարդիկ կան, որ փաստորեն դրան դեմ են ու ասում են՝ չէ, թող չվճարի»,- ընդգծեց Վ.Այվազյանը:
ՀՀԿ-ական պատգամավորը ևս մեկ անգամ շեշտեց՝ որևէ մի արտագնա աշխատանքով զբաղվող քաղաքացու իրավունքների սահմանափակման որևէ խնդիր այս օրենքը առաջ չի քաշում.
«Պարզապես սա հնարավորություն է տալիս ՀՀ-ից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին եկամտահարկը ոչ թե այնտեղ վճարեն, այլ այստեղ: Իսկ եմնք ունենք համապատասխան երկրների հետ համաձայնագրեր, ինչը դա թույլ է տալիս»,- շեշտեց Վ.Այվազյանն ու հավելեց՝ սա է խնդիրը:
Նշենք, եկամտահարկի հետ միասին կառավարությունը նախաձեռնել է նաև շահութահարկի որոշ դրույքների վերանայում։ Թե՛ մեկը, և թե՛ մյուսը ենթադրում է նաև արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում պետական գնումների շրջանակներում իրականացվող մրցույթներին հայկական ընկերությունների մրցակցային պայմանների բարելավում։ Ինչպես հայտնի է, նոր տնտեսական տարածքում տնտեսավարողներն ազատ են մասնակցելու ցանկացած անդամ երկրի պետական գնումների համար հայտարարվող մրցույթներին։