06/05/2015 14:51
Իրավապաշտպան. Վարորդների բողոքները հիմնականում տեսախցիկների հետ են կապված
Հաճախ վարորդներին տեսանկարահանած երիզների վատ որակի պատճառով հստակ չի հասկացվում, թե ինչի համար են վարորդին տուգանել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Կոմերսանտ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արտակ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ նկարահանումը արագաչափերով այն ռակուրսով է կատարվում, որ դժվար է ասել՝ նկարահանում եղել է, թե ոչ:
«Ճանապարհներին վարորդների համար տեղեկատվական վահանակները բացակայում են, ինչ պատճառով էլ նրանք շատ հաճախ անհարկի տուգանվում են: Դեպք է եղել, որ վարորդին տուգանել են նրա համար, որ կարմիր լույսի տակով անցել է, բայց իրականում վարորդը կարմիր լույսի տակով չի անցել, ավելին` այդ խաչմերուկում նույնիսկ լուսացույց չի եղել»,- ասաց իրավապաշտպանը:
Ա. Խաչատրյանը ասաց, որ վարորդների բողոքները հիմնականում տեսախցիկների հետ են կապված, ճանապարհներին չկան մոտակայքում արագաչափ կամ տեսախցիկներ լինելու վերաբերյալ նախազգուշացնող նշաններ, իսկ շատ դեպքերում էլ նման նշաններն անտեսանելի վայրում են տեղադրված կամ այնքան փոքր են, որ վարորդները չեն նկատում:
Ասուլիսն ներկա վարորդ Հովնան Հարությունյանի խոսքով՝ իրեն տուգանել են սխալ կայանման համար, մինչդեռ կայանել իրեն ուղղորդել է կայանտեղիի աշխատակիցը և ինքը դրա համար վճարել է:
«Ինձ համար անհասկանալի է` իրենք ասում են շեղ կանգնի, հետո ինձ են տուգանում»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ իր հերթին ասաց, որ խնդիրը լուծելու համար համակարգային մոտեցում է պետք:
«Նյու Յորքում նման հարցը կարգավորվում է, երբ րոպեում միլիոնավոր մեքենաներ են վազում փողոցում, իսկ մեզ մոտ այս հարցը չի լուծվում: Մեծ ծախսեր են դնում, կանգառներ սարքում, բայց կարող էին այդ գումարները ճիշտ ծախսել և տեղեկատվական վահանակները կարգավորել, որպեսզի վարրդները հարկի-անհարկի չտուգանվեին»,- ասաց Ա. Պողոսյանը: