07/05/2015 11:36
Գոհարիկ Ենոքյանի գործ. Այս ապօրինության նախաձեռնողը դատախազությունն է, որը կատարող մարմին դարձավ ՀՔԾ-ն
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գոհարիկ Ենոքյանի նկատմամբ գործը ամբողջովին սարքված է և պետական մարմիններից միակ հույսը մնացել է ԱԱԾ-ն, որ կանխի այս ապօրինությունը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Նրա խոսքով` իրենք ձերբակալման հաջորդ օրը դիմել են ԱԱԾ, և պատասխան դեռևս չեն ստացել:
«Գոհարիկ Ենոքյանին մեղադրան առաջադրելու որևէ հիմք չկա, այդ պատճառով էլ բացառվում է, որ նրան դատապարտեն, քանի որ մեղադրանքի հիմքը պետք է լինի բավարար ապացույցների համակցությունը, բավարար ապացույցներ գոյություն չունի, որևէ ապացույց գոյություն չունի, սա հորինված մեղադրանք է»,- ասաց փաստաբանը:
Հարցին` սակայն Կարո Կարապետյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Գ. Ենոքյանը իր հետ խնդիր է ունեցել և ցանկացել է մահափորձ անել, փասատաբանը պատասխանեց.
«Ես նման տեղեկություն չունեմ, աբսուրդ է, որ իր դեմ մահափորձ է իրականցվել, մահափորձն այլ է, մահափորձի նախապատրաստությունը` այլ: Իրենք գույքային խնդիրներ են ունեցել և պետական մարմինների միջոցով փորձ է արվում լուծել այդ խնդիրը»:
Դիտարկմանը` այսինքն Դատախազությունը և ՀՔԾ-ն որպես գործիք են ծառայել այս դեպքում, փաստաբանը պատասխանեց. «Հայտարարում եմ, որ իրեն ընդհանրապես ձերբակալելու որևէ հիմք չկար, կալանավորելու առավել ևս չկա: Այս պահի դրությամբ ես բողոք եմ ներկայացրել Գլխավոր դատախազին, որը չի քննարկվել, թեև պարտավոր էին դա անել, ձերբակալման ժամկետը այսօր լրանում է: Իմ համոզմամբ, այս ապօրինության նախաձեռնողը դատախազությունն է, որը կատարող մարմին դարձավ ՀՔԾ-ն: այդ պատճառով էլ խնդրում ենք ԱԱԾ-ին ակտիվացնել այս գործով աշխատանքները և պարզել գործի հանգամանքները»:
Հարցին` արդյոք ում հետ են եղել առերեսումներ, նա պատասանեց, որ դա նախաքննական գաղտնիք է, սակայն որևէ ապացուցողական փաստ այս պահի դրությամբ չկա գործում: