07/05/2015 12:47
Վ. Եվսեև. Ղարաբաղը կարող է շատերի համար օրինակ ծառայել, թե ինչպես պետք է կառուցել պետություն
Ով ինչ ուզում է ասի կամ ինչպես ցանկանում է ներկայացնի, բայց Ռուսաստանն ընդհանրապես հետաքրքրված չէ Լեռնային Ղարաբաղում հնարավոր ռազմական գործողություններով, նաև այն պատճառով, որ իր ներքին կյանքի վրա էլ դա բացասական ազդեցություն կունենա՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ում շատ հայեր ու ադրբեջանցիներ են ապրում.
«Մենք նման նկրտումներ տեսնում ենք արևմտյան ուժերի կողմից և դրա վառ օրինակներից մեկը նաև Ուկրաինան է, բայց Ռուսաստանը անշուշտ կշարունակի քաղաքական-դիվանագիտական քայլեր ձեռնարկել ռազմական գործողություններից խուսափելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը:
Քաղաքագետը նկատեց, որ Ղարաբաղյան հակամարտության շուրջ, հաշվի առնելով նաև արտաքին գործոնները, իրավիճակը բավականին բարդ է, բայց Ռուսաստանն իր ջանքերը կուղի եթե ոչ խնդրի կտրուկ կարգավորմանը, ինչն ուղղակի անհնար է անել, քանի որ Հարավային Կովկասում Ռուսաստանը միակ խաղացողը չէ, այլ գոնե նրան, որ իրավիճակը ավելի չսրվի:
Ասուլիսին ներկա բուլղարացի լրագրողն ասաց, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս հայտարարել է, որ ԼՂՀ ստրատեգիկ նպատակն է միավորվել Հայաստանի հետ: Լրագրողը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է դա մոտ ապագայում.
«Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ ԼՂՀ-ն Հայաստանի հետ սերտ տնտեսական և այլ համագործակցություն ունի: Այդ հարցը մի անգամ չէ, որ բարձրաձայնվել է և մեկնաբանվել, այդ թվում և ՀՀ նախագահի կողմից՝ ինչպես կգործեն հայկական երկու պետությունները ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման ժամանակ: Բայց ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայում ընթանում է բանակցային գործընթաց և ինչպես էլ դրան չվերաբերվեն՝ ԼՂՀ-ն թեև ֆորմալ առումով չի մասնակցում այդ գործընթացին, բայց դե-ֆակտո այն մասնակցում է բանակցություններին ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Եվ Ղարաբաղի շահերը չեն կարող այդ ձևաչափում հաշվի չառնվել»,- արձագանքեց Ա. Արեշևը: Հիշեցնելով, որ բանակցային սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները՝ քաղաքագետը նկատեց, որ շատ հարցերում անհամաձայնություններ գոյություն ունեն, բայց ակնկալել կտրուկ առաջընթաց բանակցային գործընթացում, այդուհանդերձ դժվար է:
Ասուլիսին ներկա մյուս բանախոսը՝ ռուս քաղաքագետ Վլադիմիր Եվսեևն էլ ասաց, որ երբ խոսում ենք տարածաշրջանային պետությունների կառուցվածքի փոփոխության մասին, ապա պետք է դիտարկենք, թե ինչը կարող է դրա վրա ազդել.
«Հայտնի է, որ վերջին շրջանում ստորագրվել են մի շարք համաձայնագրեր, իսկ Աբխազիայի հետ անգամ վավերացվել ստրատեգիական համագործակցության մասին փաստաթուղթը: ՌԴ հետ առկա այդ համաձայնագրերը հնարավորություն են տալիս սկզբունքորեն փոխել հարաբերությունները այն պետությունների հետ, որոնք գտնվում են Հարավային Կովկասում, բայց միևնույն ժամանակ, որքան էլ Արևմուտքը շահարկում է այս թեման, Ռուսաստանն անգամ չգնաց Հարավային Օսիայի հետ միավորվելուն: Եվ վերջերս ստորագրված համաձայնագիրը ապացուցում է, որ դա համաձայնագիր է, որ ստորագրել են երկու անկախ պետություններ»,- նշեց բանախոսը:
Այնպես որ, շարունակեց Եվսեևը, դիտարկելով այս ամենը, կարելի է հասկանալ, թե ինչպես դա կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի դեպքում: Թեև հասկանալի է, որ այն գործընթացները, որ առկա են Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ, իրենց ազդեցությունը կունենան նաև Ղարաբաղի վրա և դա, ըստ քաղաքագետի, հավանաբար հաշվի են առնում և Հայաստանում, և ԼՂՀ-ում:
Վ. Եվսեևի խոսքով՝ մեկ բան հստակ է.
«Հստակ է, որ Լեռնային Ղարաբաղը կայացել է. այն ունի լավ տնտեսություն, որը բավականին դինամիկ զարգանում է: Ես ընդհանրապես կարծում եմ, որ եթե չլիներ հակամարտությունը, ապա Ղարաբաղը կարող էր շատերի համար օրինակ ծառայել, թե ինչպես պետք է կառուցել պետություն ու զարգացնել տնտեսություն»: