07/05/2015 10:36
Էլինար Վարդանյան. Գոհար Ենոքյանից նորություն չկա. Ժամը 17.40-ին կլինենք մեկուսարանում
«Գլխավոր դատախազությունից այդպես էլ պատասխան չենք ստացել պատգամավորների ուղարկած միջնորդությանը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այսօր 17.40-ին լրանում է ԲՀԿ-ական գործարար Գոհար Ենոքյանի ձերբակալության ժամկետը և այդժամ կամ պետք է ընտրվի խափանման միջոց, կամ Գոհար Ենոքյանը պետք է ազատ արձակվի.
«Բնականաբար ժամը 17.00-ից ես և կարծում եմ Նաիրա Զոհրաբյանը ևս այնտեղ կգտնվենք, որպեսզի հենց տեղում հասկանանք, թե ինչ է կատարվում»,- ասաց նա:
Է.Վարդանյանը նշեց, որ երեկ կրկին այցելել է տիկին Ենոքյանին, վերջինս ճնշման խնդիր ունի:
Ինչ վերաբերում է Կարո Կարապետյանին, ապա Է.Վարդանյանն ասաց, որ վերջինիս հետ չի զրուցել այս ընթացքում:
Հիշեցնենք, Գ.Ենոքյանի խափանման միջոցի համար նախաձեռնած ստորագրահավաքին միացել էր 37 պատգամավոր: Տիկին Ենոքյանին կասկածում են Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու համար: