07/05/2015 11:55
«Հայաստանը պատրաստ է ընդունել հալեպահայ երեխաներին և անհրաժեշտ պայմաններ ստեղծել»
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոսեց Սիրիայում իրավիճակի և հայ երեխաներին օգնելու մասին:
Վարչապետը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար:
Նա նաև նշեց, որ Սիրիայում իրավիճակը շարունակում է անկայուն մնալ, պատերազմը շարունակվում է, ինչը մեծ զոհերի ու ավերածությունների է հանգեցնում:
«Այս ընթացքում Հայաստանը փորձել է օժանդակել նրանց, ովքեր պատերազմի հետևանքով լքել են իրենց տներն ու անվտանգության նկատառումներից ելնելով` եկել են Հայաստան: Օրեր առաջ լրատվամիջոցների օգնությամբ արձագանքել էի Հալեպի Սուլեյմանիե թաղամասում իրականացված հրթիռակոծության թեմային, որի հետևանքով, ցավոք, հայեր էին տուժել: Այդ ժամանակ ահազանգ ենք հնչեցրել երեխաներին ու դպրոցալկաններին պատերազմի գոտուց դուրս բերելու մասին, ինչին ի պատասխան ես նշել էի, որ կառավարությունը, իշխանությունները պատրաստ են ընդունել ու անհրաժեշտ պայմաններ ստեղծել Հալեպից Հայաստան տեղափոխվող երեխաների համար»,- ասաց վարչապետը: