11/05/2015 20:27
Քանի որ 1000 դրամանոց «դերասաներ» շատ են հայտնվել, սպասում եմ ինձ հարմար հրավերին. Հայկ Աֆրիկյան
Մի շարք սերիալներից և գեղարվեստական ֆիլմերից հայտնի Հայկ Աֆրիկյանն, ով բավական ժամանակ է` չի նկարահանվում որևէ նախագծում, այս պահին զբաղված է իր դերասանական ստուդիայով: «Մեր ստուդիայում սովորող ապագա դերասաններն ու ռեժիսորները նախ և առաջ պետք է լինեն գրագետ և շնորքով: Հանուն փողի` անտաղանդ, անորակ մարդուն իմ ստուդիայում չեմ ընդունի: Իմ երեխաները տարբերվում են շատ-շատ ստուդիաների սաներից»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Հ. Աֆրիկյանը:
Ինչո՞վ է պայմանավորված, որ մեր դերասանների մի մասն այսօր նախընտրում է հիմնել սեփական դերասանական ստուդիան: Դա բիզնես է, թե՞. «Ոչ, ստուդիան ինձ համար բիզնես չէ: Իսկ թե ստուդիաների բացվելն ինչով է պայմանավորված` չգիտեմ: Երևի թե մեզ` հայերիս, բնորոշ գիծ. բոլորը սիրում են անել այն, ինչ մյուսներն` առանց հասկանալու` կարո՞ղ են, թե՞ ոչ»:
Մեր այն հարցին, թե ինչո՞ւ այլևս չենք հանդիպում սերիալներում և ի՞նչ կարծիքի է սերիալային որակի մասին, վերջինս պատասխանեց. «Շատ վատ եմ զգում և անհանգստանում եմ, որ այսօր սերիալը դարձել է «աղբ», որում զբաղված են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ: Դա նրանց տեղը չէ: Այդպես մի օր կկորցնենք արվեստ ասվածը: Ինչ վերաբերում է իմ սերիալային պասիվությանը, ապա ասեմ, քանի որ այսօր 1000 դրամանոց էժանագին և անորակ «դերասաներ» շատ են հայտնվել, ես սպասում եմ ինձ հարմար հրավերին»:
Ոչ բոլոր դերասաններն են պատրաստ նույն նկարահանման հրապարակում հանդուրժել «Չդերասաներին»: Հայկ Աֆրիկյանը գտնում է, որ դերասանը պետք է պատրաստ լինի ամեն ինչի, նույնիսկ այդ տարածված խանգարող տեդենցին. «Դրասանը պետք է պատրաստ լինի նույնիսկ ամենավատին: Բայց, իհարկե, դժվար է: Մարդիկ չգիտեն, ներքին աշխարհն ինչ է, չեն ճանաչում Ստանիսլավսկուն կամ մյուս գրողներին: Մի քիչ գիտեն Թումանյանին ու Շեքսպիրին: Լսել են նրանց մասին… Ինչ արած, որքան էլ դժվար է, կարևորն այն է, որ անցողիկ է: Հավատում եմ, որ մի օր ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Երիտասարդ դերասանը թատրոնից հեռացել է դեռևս 2005 թվականին: Սակայն, շատերի պես, իր հեռանալը չի մեկնաբանում նվազագույն աշխատավարձի առկայությամբ: «Թատրոնն ինձ համար մի ուրիշ աշխարհ է, սակայն, ցավոք սրտի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնից դուրս եկա, քանի որ այն ժամանակ հրավեր ստացա որպես մենակատար հանդես գալ AM խմբում: Խումբը երեք հոգուց էր բաղկացած, փոփ ոճում էինք ստեղծագործում: Երգը միշտ է իմ հոգում: Ինչ վերաբերում է թատրոնի ցածր աշխատավարձին, ապա յուրաքանչյուր թատերական գործիչ պետք է գիտակցի, որ գումարն առաջնայինը չէ այս ոլորտում»,- նշեց նա:
Aysor.am-ը զրուցի վերջում դերասանից հետաքրքրվեց նաև, թե չի՞ պատրաստվում ի վերջո ամուսնության օրը հայտարարել: Չէ՞ որ նշանադրվել է երկու տարի առաջ: «Այս պահին իմ անձնական կյանքից չեմ ցանկանում խոսել… Ադ մասին գուցե երկար ժամանակ լռեմ»,-եզրափակեց մեր զրուցակիցը: