20/05/2015 20:44
Հ. Ռոհանին այցելել է թյուրքալեզու իրանցիներով բնակեցված Արևելյան Ատրպատական նահանգ
Իրանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ` Հասան Ռոհանին այսօր այցելել է Արևելյան Ատրպատական նահանգ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի բնակչության հետ, հանդես եկել ելույթով:
Հասան Ռոհանին ելույթի ընթացքում անդրադարձել է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության կարևոր հարցերին:
Իրանի նախագահը նշել է, որ ոչ ոք իրավունք չունի ժողովրդի անունից այնպիսի հայտարարություններ անել, որոնք երկրի և հասարակության համար խնդիրներ կստեղծեն:
Ռոհանին նշել է, որ տարբեր կարծիքներ ու դիրքորոշումներ կարելի է ունենալ, սակայն պետության հակառակորդներին դիմակայելու հարցում պետք է միասնական լինել:
Հասան Ռոհանին, կարևորելով Արևելյան Ատրպատականի դերը, նշել է, որ այն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի նահանգն է:
Անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին` Ռոհանին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդն աջակցում է բանակցող թիմին և բանակցությունների ավարտին ժողովուրդը հպարտության զգացում է ունենալու:
Հավելենք, որ իրանական «Վաթանխահան.քոմ» կայքի հաղորդմամբ` Վաշինգտոնի «Ջորջ Թաուն» համալսարանի իրանցի դասախոս Շիրին Թահմասեբ Հանթերն օրերս, անդրադառնալով Թուրքիայի կողմից Իրանի թյուրքալեզու նահանգներում կատարվող ներդրումներին, նշել էր. «Թուրքերի հետ կապված այս հարցին պետք է լուրջ ուշադրություն դարձնել. Ինչո՞ւ է Թուրքիան ներդրումներ անում միայն Ատրպատականում կամ Իրանի թյուրքալեզու այլ նահանգներում. ինչո՞ւ թուրքերը ներդրումներ չեն կատարում Իրանի հարավում` օրինակ Բանդար Աբբասում: Դա ցույց է տալիս, որ Թուրքիայի նպատակները թաքնված են նրանց կատարած քայլերի հետևում»:
Խնդրի վերաբերյալ «Վաթանխահան.քոմ» կայքը մտահոգություն էր հայտնել, նշելով, որ Թուրքիայի նպատակն Իրանի թյուրքալեզու ազարիներով բնակեցված քաղաքների հետ սերտ հարաբերություններ հաստատելն ու այդ տարածքներում թուրքական մշակույթը տարածելն է: