20/05/2015 19:56
Նիկոյան. Սա քաղաքական որոշման արդյունք չի և չի էլ կարող լինել այդպիսին
«Ցանկացած հնարավոր թանկացման դեպքում սպասելի է, որ հանրությունը դրան պետք է բացասական վերաբերվի, և այդպես եղել է միշտ: Բայց խնդիրը նրանում է, որ սա քաղաքական որոշման արդյունք չի և չի էլ կարող լինել, այլ տնտեսական իրավիճակով է պայմանավորված: Սա իշխանության որոշումից դուրս խնդիր է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման շուրջ առկա իրավիճակին ու հատկապես իշխանությունների հասցեին հնչող քննադատությանը, թե քաղաքական որոշում արդեն ընդունվել է և էլեկտրաէներգիան 17 դրամով չէ, բայց անպայման ու անխուսափելիորեն թանկանալու է:
Սամվել Նիկոյանի խոսքով՝ այն, որ ՀԷՑ-ը նման հայտով պետք է դիմեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սպասելի էր, որովհետև արդեն տևական ժամանակ է քննարկվում է այն հարցը, էլեկտրաէներգետիկ համակարգում կան խնդիրներ ու դրանք անմիջականորեն կապված են սակագնի հետ: Եվ տևական ժամանակ է, շարունակեց նա, որ իշխանությունները, Կառավարությունը շատ բացասական են տրամադրված որևիցէ թանկացման դեմ, քանի որ հանրության դժգոհությունը այդ դեպքում ուղղվում է անմիջապես իշխանությունների դեմ.
«Բնական է, որ այս ամենից ելնելով իշխանությունները որևէ թանկացում չեն ուզում և, կրկնում եմ, այս հարցը ամենևին էլ քաղաքական որոշումից կախված չէ, այլ պայմանավորված է տնտեսական չափորոշիչներով: Թեև մեզ համար ակտուալ է, թե ինչքանո՞վ է ի վերջո թանկանալու էլեկտրաէներգիան ՝ սա է, որ կարևոր է»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ մինչ այժմ եղած դեպքերը վկայում են, որ ՀԾԿՀ-ը երբեք ուղղակիորեն չի վերարտադրում այն թանկացումը, որը բերվում է հայտով: Ըստ այդմ էլ, վստահություն հայտնեց նա, հանձնաժողովը մանրամասն կուսումնասիրի և հանրությանը կներկայացնի ուսումնասիրության արդյունքը.
«Ես վստահ եմ, որ ամբողջ գործընթացը կլինի հրապարակային և եթե թանկացման հիմքեր լինեն, ապա բոլորի համար պարզ կդառնան թանկացման տակ հստակ տնտեսական գործընթացները: Բայց ես վստահ եմ, որ էլէներգիան չի թանկանա այնչափ, որքանով որ հայտ է ներկայացվել, շատ ավելի հավասարակշռված ու արդարացի մոտեցում կցուցաբերվի»,- ասաց նա:
Հաջորդ շաբաթ հավանաբար ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ նվիրված խնդրի քննարկմանը: Ս.Նիկոյանից հետաքրքրվեցինք՝ կա հարց, որ այս խնդրի հետ կապված իրեն մտահոգում է և որի պատասխանները նա ակնկալում է ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահից: Նախ, նա նշեց, որ հանձնաժողովը իր գործունեությունն իրականացնում է բարեխղճորեն: Եվ նա ակնկալում է, որ Ռոբերտ Նազարյանը պատգամավորներին կներկայացնի այն բոլոր հաշվարկները, որոնք ուղղակիորեն առնչվում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման գործընթացին.
«Եթե հստակ այդ հաշվարկները ներկայացվեց և բոլոր առաջացած հարցերին ինքը պատասխանեց կամ չպատասխանեց, դրանից հետո բոլոր գործընթացները շատ ակնհայտ ու պարզ կլինեն: Բայց ես վստահ եմ ու կարծում եմ, որ Ռոբերտ Նազարյանը ԱԺ-ում բոլորիս կներկայացնի խիստ ուսումնասիրված, հաշվարկված թվեր»,- նշեց նա՝ հավելելով, որ բոլորս էլ դժկամությամբ կընդունենք թեկուզ մեկ դրամի թանկացումը, բայց եթե թվերի լեզվով ապացուցվում է, որ դա անհրաժեշտ ու նաև անխուսափելի է, ապա թերևս բոլորի համար էլ ընկալելի կլինի, այդ թվում և արդարացիորեն դժգոհող հանրության համար: