21/05/2015 15:23
«Հայ մշակույթը պետք է ամեն օր և ամենուր քարոզվի».
Մենք պետք է այնքան գիտակից լինենք և առողջ մտածելակերպ ունենանք, որ մեր ազգային մշակույթը կարողանանք պահել ու պահպանել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հարևան երկրների կողմից հայկական ազգային մշակույթի յուրացմանը, ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգուպարի խմբի գեղարվեստական ղեկավար, Սասուն սարկավագ Մանուկյանը՝ հավելելով, որ դրա հետ կապված պետք է հատուկ ծրագիր մշակվի:
«Հայ մշակույթը պետք է ամեն օր և ամենուր քարոզվի: Պետք է հասկանալ, թե ինչ ենք այսօր սերմանում ու ուսուցանում»,- հավելեց նա:
Սարկավագի խոսքով՝ դեռ մի քանի տարի առաջ, երբ նկարահանվում էր «Տեր ողորմյա» ֆիլմը, նկատեցին, թե թուրքերը ինչպես են չարանում են, երբ տեսնում են ազգային հայկական ավնդական պարերը:
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն էլ իր հերթին նկատեց, որ Ցեղասպանությունը շարունակվում է.
«Կա ժխտողականություն, հետքերի ոչնչացում, յուրացում: Իսկ երբ մենք մեր ինքնությունը կորցնում ենք, գուցե ֆիզիկապես մեզ ոչնչացնելու անհրաժեշտություն այլևս չլինի: Ցեղասպանություն ասվածը միայն ֆիզիկական ոչնչացումը չէ»:
Թուրքագետի խոսքով՝ հին թուրքերը շատ լավ գիտեն և ցուցադրում են, թե որոնք են հայկական տները, մշակութային ժառանգությունը, սակայն նորեկների համար միևնույն է դա: Ա. Հովհաննիսյանի համոզմամբ՝ դժվար է մշակութային ցեղասպանության պարագայում ապացուցել, որ այս կամ այն հուշարձանը միտումնավոր կերպով է ոչնչացվել:
«Այսինքն՝ եղել է պետական հրաման: Եվ մենք, որպես պետություն, պետք է յուրաքանչյուր դեպքին արձագանքենք, անկախ նրանից՝ ունենք դիվանագիտական հարաբերություններ, թե ոչ: Թեև չունենք համապատասխան լծակներ, բայց վստահ եմ, որ կարող ենք նաև միջազգային ատյանների առաջ այդ հարցը բարձրացնել»,- ասաց նա:
Թուրքագետը համոզված է՝ միջազգային ատյանները կարող են Թուրքիայի վրա ազդել: