21/05/2015 19:45
«Ազատ ոճի ըմբշամարտի» Վանաձորի քաղաքային ֆեդերացիայի նախագահի դեմ քրգործը դատարանում է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել «Ազատ ոճի ըմբշամարտի» Վանաձորի քաղաքային ֆեդերացիայի նախագահի դեմ հարուցված քրգործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Սարգիս Ղումաշյանին առաջադրված մեղադրանքի՝ նա, 1996 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2004 թվականի հունվարի 01-ը հանդիսանալով ՀՀ «Ազատ ոճի ըմբշամարտի» Վանաձորի քաղաքային ֆեդերացիայի նախագահ, 2004 թվականի հունվարի 01-ին, նշված ֆեդերացիայի լուծարումից հետո, ֆեդերացիայի կնիքը պահել է իր մոտ, 2014 թվականի ապրիլին, Վանաձոր քաղաքում համակարգչի միջոցով կազմել է հիշյալ ֆեդերացիայի բլանկով կազմված, 2014 թվականի մարտի 24-ի ամսաթվով թիվ 19 կեղծ տեղեկանք` նշված ֆեդերացիայի նախագահ հանդիսանալու և այդ պահի դրությամբ 150.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանալու վերաբերյալ:
Այնուհետև տեղեկանքում ստորագրել է ֆեդերացիայի նախկին տնօրեն Ռուդոլֆ Խաչիկյանի անվան դիմաց, կնիքել լուծարված վերոհիշյալ ֆեդերացիայի կնիքով, որից հետո իրավունք վերապահող պաշտոնական այդ փաստաթուղթն անձամբ օգտագործելով` ներկայացրել ՀՀ Ֆրանսիայի դեսպանություն և ստացել մուտքի արտոնագիր:
Նախկինում 1 անգամ դատապարտված Ս. Ղումաշյանի դեմ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական գործի 325 Հոդվածի 1-ին Մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: