21/05/2015 20:19
«Մեր ներուժի գլխավոր հենասյուներից մեկը հայոց սփյուռքն է» Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ բարերարների՝ հիմնադրամի խորհրդի նախագահ Արա Վարդանյանի գլխավորությամբ:
Ինչպես փոխանցում են Արցախի կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին Արցախի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար: «Մեր ներուժի գլխավոր հենասյուներից մեկը հայոց սփյուռքն է, որն իր ակտիվ մասնակցությունն է բերում Արցախի զարգացման գրեթե բոլոր ուղղություններում: Ողջունելի է, որ սփյուռքի ծրագրերի զգալի մասն իրագործվում է հիմնադրամի միջոցով, իսկ ԼՂՀ կառավարությունը միշտ աջակցում է այդ ծրագրերի կյանքի կոչմանը»,- ընդգծել է վարչապետը:
Արայիկ Հարությունյանը համառոտ ներկայացրել է պետության կենսագործունեության հիմնական ուղղությունները: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել ժողովրդագրության մեջ գրանցված հաջողություններին, ինչպես նաև՝ առաջիկա տարիների տնտեսական գլխավոր նախագծերին: Վարչապետը հանդիպման վերջում պատասխանել է հիմնադրամի ներկայացուցիչներին հուզող մի շարք հարցերի: