21/05/2015 19:37
Պետք է ներկայացվեն բոլոր իրավական հիմքերը, որոնք պնդելու են այն դիրքորոշումը, որ եղել է Ցեղասպանություն
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այսօր ԱԺ-ում Գլխավոր դատախազության 2014 թվականի զեկույցի քննարկման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործի մանրամասներից:
«Ի՞նչ փուլում է գործը, ե՞րբ է հնարավոր սպասել վերջնական արդյունքի և ի՞նչ հետևանքների կարող է տանել՝ ընդունելու կամ մերժելու հայցի խնդիրը»,- ասաց նա, որին ի պատասխան գլխավոր դատախազը հայտարարեց, որ արդեն մեկ անգամ առիթ ունեցել է ասելու, որ այս գործը Հայաստանի համար կարևոր է երկու առումով:
«Նախ սա առաջին դեպքն է և Հայոց ցեղասպանության հարցը միջազգային իրավական հարթության մեջ որևէ կերպ քննարկման առարկա չի եղել: Վիճարկվում է սակայն այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանությունը թեև որոշ միջազգային հանրային ճանաչում ունի աշխարհում, այնուամենայնիվ՝ չի կարելի համադրել Հոլոքոստի հետ. Հոլոքոստը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում ճանաչված իրավական փաստ է»,- ասաց նա:
Կոստանյանն ընդգծեց, որ գործի առաջին դատավարությանը ՀՀ կառավարությունը չի մասնակցել, քանի որ այդ փուլում չունեին իրավական ձևակերպումներ, որորնք կային պալատի որոշման արդյունքում: «Ըստ այդմ էլ տեսանք, որ միջամտությունն այլընտրանք չունի: Մինչդեռ մեր խնդիրն էր, որ բացառեն իրավական որևէ որոշում, թե ցեղասպանություն չի եղել և այդ իսկ պատճառով գործում ներդրեցին ողջ ներուժը՝ ներառելով նաև միջազգային հեղինակավոր իրավաբանների»,- նկատեց դատախազը՝ հավելելով, որ արդեն ներկայացվել է երկու հանգամանք, որ Հոլոքոստն արդեն փաստ է, քանի որ Նյուրնբերգյան դատարանում այն հաստատվել է:
Անդրադառնալով երկրորդ կարևորությանը՝ դատախազը նշեց, որ Հայաստանը պետք է դատարանին ներկայացներ այն փաստերը, որը կոնվենցիայի իմաստով Հայոց մեծ եղեռնը որակում են որպես Ցեղասպանություն: «Այսինքն՝ պետք է ներկայացվեն բոլոր իրավական հիմքերը, որոնք պնդելու են այն դիրքորոշումը, որ եղել է Ցեղասպանություն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է այդ հիմքերին, Կոստանյանի համոզմամբ Հայաստանն ունի բոլոր այն հիմքերը, որպեսզի պնդի, որ ԵՄ Մարդու իրավունքների դատարանն այն սուբյեկտը չէ, որ պնդի՝ Հայոց ցեղասպանությունը եղել է, թե՝ ոչ:
Կոստանյանը նաև չափազանց կարևոր համարեց Վատիկանում տեղի ունեցած պատմական միջոցառումը: Նրա խոսքով՝ այդ իրադարձությունը շատ կարևոր նշանակություն ունեցավ ոչ միայն քաղաքական և հասարակական տեսակետից, այլ լուրջ իրավական հիմքեր ստեղծելու համար: «Կարծում եմ, որ դատարանում քննությունից դա չի կարող վրիպել»,- ասաց նա հավելելով նաև, որ դատարանի վերջնական որոշումը կլինի հավանաբար 5-6 ամսվա կտրվածքով: