21/05/2015 11:20
Եվրոպան՝ «0 ժամին» սպասելով
Ապօրինի միգրանտների խնդիրն այսօր ամենաօրակարգայիններից է Եվրոպայի համար: ՄԱԿ-ի նեկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ միայն ընթացիկ տարվա կտրվածքով շուրջ 60 հազար մարդ է Եվրոպա հասնելու նպատակով փորձել հատել Միջերկրական ծովը տարաբնույթ և հաճախ ոչ այնքան անվտանգ ծովային փոխադրամիջոցներով. նրանցից 1800-ը խեղդվել են: Միգրանտները հիմնականում փախչում են Լիբիայից, Սիրիայից, Նիգերիայից, Սոմալիից, Էրիթրեայից՝ ջանալով փրկվել ծայրաստիճան աղքատությունից, անվերջ և արնախում հակամարտություններից:
Պետք է նշել, որ ապօրինի կերպով մարդկանց տեղափոխումը նաև մաքսանենգության ամենատարածված և շահավետ եղանակներից է, որն օրեցօր առավել լայն թափ է ստանում: Եվրամիությունը վերոնշյալ խնդիրներին դիմագրավելու նպատակով անգամ դիմել էր ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ թույլատվություն ստանալու՝ կանգնեցնելու կամ ոչնչացնելու ապօրինի միգրանտներ տեղափոխող ծովային փոխադրամիջոցները Լիբիայի տարածքային ջրերում՝ որպես նպատակ հայտարարելով նաև եվրոպական ափերին չհասած մարդկանց զանգվածաբար խեղդվելուց փրկելու անհրաժեշտությունը:
ԵՄ-ի նման առաջարկն այս ամսվա սկզբին մերժվել էր նաև լիբիական իշխանությունների կողմից: ՄԱԿ-ում այդ երկրի դեսպանը բրիտանական ВВС ռադիոկայանին տված հարցազրույցում Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիան կանխելու նպատակով ԵՄ առաջնորդների մտադրությունները որակել էր «անհստակ և բավականաչափ մտահոգիչ»:
Մինչդեռ այն հանգամանքը, որ ԵՄ-ն ապօրինի միգրացիայից իրապես մտահոգվելու մեկ այլ՝ ոչ պակաս լուրջ պատճառ ևս ունի, փաստում է արդեն Լիբիայի կառավարության ավագ խորհրդական Աբդ ալ Բասիտ Հարունը, ով մայիսի 16-ին ВВС հեռուստաընկերության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալները Եվրոպա են ներթափանցում ապօրինի միգրանտներ տեղափոխող նավերով: Հարցազրույցում Հարունը նաև պնդել է, որ բացի նշվածից մաքսանենգները իսլամականներին Եվրոպա են տեղափոպում նաև թաքուն ճանապարհով՝ տարաբնույթ բեռնատար ծովային փոխադրամիջոցներով:
Այս համատեքստում, օրերս բրիտանական Mirror պարբերականը եվրոպական տարբեր քաղաքներում «ջիհադականների» կողմից արված լուսանկարներ էր հրապարակել. դրանցից մեկն, օրինակ, կրում էր հետևյալ խորագիրը՝ «Իսլամական պետությունը Հռոմում: Այժմ ուսումնասիրվում և որոնվում է թիրախը՝ սպասելով 0 ժամին»: ԻՊ-ի կողմից «հեռավոր թշնամու» դեմ պայքարի այս եղանակի մասին բազմիցս է ահազանգվել ինչպես փորձագիտական շրջանակների, այնպես էլ՝ եվրոպական անվտանգային ծառայությունների կողմից: Նման բովանդակությամբ պայքարի վերաբերյալ ազդակներ էր պարունակում նաև ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի՝ մայիսի 14-ին տարածված ուղերձը:
Վերոնշյալի տեսանկյունից, հերթական անգամ պետք է հավաստել, որ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ծավալվող գործընթացները, որոնց հետևանքով ակտիվանում են իսլամական ծայրահեղ արմատական տարրերն, ուղղակի սպառնալիք են հանդիսանում Եվրոպայի համար: Իրավիճակն ու ակնկալվող զարգացումներն այնքան անկանխատեսելի են, որ ոչ ոք չի կարող հստակ նշել թե երբ և որտեղ իրականություն կդառնա «ջիհադականների» հայտարարած «0 ժամը»: